News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ այդ համագործակցությունը ոչ միայն պաշտպանական-տեխնիկական է, այլև կողմերը դիտարկում են կարողությունների զարգացումը: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

«Լինի դա ռազմատեխնիկական համագործակցություն, թե ուսուցման և կարողությունների զարգացում, այդ երկու ճակատներն էլ շատ լավ են ընթանում: 2022 թվականին պաշտպանության նախարար պարոն Պապիկյանն այցելել էր Հնդկաստան, և դրանից հետո մենք տեսնում ենք, որ շատ բան է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում։ Մենք դեռևս աշխատում ենք, որպեսզի հետագայում այն ավելի ընդլայնվի»,-ասել է նա:

Անդրադառնալով տեղեկություններին, որ Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանումների համար դեպի Հայաստան օդային միջանցք է ստեղծում, դեսպանը նշել է. «Ինչ վերաբերում է օդային միջանցքին, ապա կարծում եմ, որ այդ հաղորդումները ճիշտ չէին։ Մենք իսկապես դիտարկում ենք, թե ինչպես կարելի է տեխնիկան հասցնել այստեղ՝ Հայաստան։ Սակայն, ինչ վերաբերում է այս օդային միջանցքին, ապա դա ուղղակի, կարծում եմ՝ ապատեղեկատվություն էր։ Ուստի ես կցանկանայի պարզաբանել այդ գրառումը: Կարծում եմ, որ մեր ռազմական համագործակցության հեռանկարներն իսկապես շատ լավն են, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ»:

Դիտարկմանը, որ փետրվարին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Երեւանում Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում, Հնդկաստանի դեսպանն ասել է. «Գիտեք, Ձեր նշած չորս երկրներն էլ շատ լավ հարաբերություններ, ջերմ ու սերտ կապեր ունեն՝ լինի դա Հնդկաստան-Հայաստան, Հնդկաստան-Հունաստան, թե Հնդկաստան-Ֆրանսիա։ Մենք հիմա նշում ենք Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման 25-ամյակը։ Հունաստանի հետ նույնպես մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել։ Ես գտնում եմ, որ բոլոր չորս երկրներն էլ համախոհներ են, շատ մոտ գործընկերներ: Այս պահին, կարծում եմ, դեռ մի փոքր վաղաժամ է խոսել քառակողմ ձևաչափի մասին։ Բայց այո, համընկնումներ կան։ Եվ ես վստահ եմ, որ եթե նման համագործակցություն տեղի ունենա, ապա այդ դեպքում բոլոր երկրները կշահեն։ Նրանք կկարողանան համագործակցել այն ուղղություններով, որոնք կան երկկողմ ձևաչափերով, որն այնուհետև կտարածվի չորս երկրների վրա։ Այս պահին, կարծում եմ, որ միայն դրական օրակարգ կարող եմ տեսնել այն դեպքում, եթե դա տեղի ունենա»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հնդկաստանը պատրաստվում է ռազմական կցորդներ նշանակել աֆրիկյան, ասիական երկրներում,  նաև Հայաստանում, Նիլակշի Սահա Սինհան ասել է. «Այս կառավարությունը, վարչապետ Մոդիի կառավարությունն ունի շատ հստակ քաղաքականություն և նախաձեռնություն՝ «Make in India» (հնդկական արտադրություն): Այսպիսով, մենք «Make in India» ունենք նաև պաշտպանական ոլորտում: Մենք կարծում ենք, որ մեր պաշտպանական արդյունաբերությունը, լինի դա հանրային, թե մասնավոր հատվածում, իսկապես արտադրում է համաշխարհային մակարդակի պաշտպանական սարքավորում: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ աշխարհի շատ երկրներ գնում են մեր պաշտպանական սարքավորումը։ Որպեսզի, ըստ էության, այդ գործընթացը լինի ավելի սահուն և ավելի լավ համակարգված, այդ իսկ պատճառով Ձեր նշած վայրերում պաշտպանական կցորդներ են նշանակվում։ Եվ, այո, իսկապես, Հայաստանի համար ևս պաշտպանական կցորդ կունենանք։

Դե, գիտեք, երկու երկրների պաշտպանության նախարարություններն էլ կապի մեջ են, և շարունակում են քննարկել և զանազան տարբերակներ են փնտրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ