News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Իսպանիան հետ է կանչել իր դեսպանին Բուենոս Այրեսից՝ կիրակի խորհրդակցություններ անցկացնելու համար այն բանից հետո, երբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Մադրիդի ուլտրաաջ հանրահավաքի ժամանակ քամահրանքով է արտահայտվել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ մասին, տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Միլեյը Սանչեսի կնոջը՝ Բեգոնա Գոմեսին Մադրիդում Vox ուլտրաաջ կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ անվանել է «կոռումպացված»։

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտնել է, որ սպասվում են Միլեյի ներողությունները։

Այլ նախարարներ եւս դատապարտել են Արգենտինայի նախագահի ելույթը, որում նա սոցիալիզմն անվանել է «անիծյալ եւ քաղցկեղածին»։ Սանչեսը գլխավորում է Իսպանիայի Սոցիալիստական կուսակցությունը։

«Միլեյն իր վարքագծով Իսպանիայի եւ Արգենտինայի հարաբերությունները հասցրել է ամենալուրջ վիճակի նորագույն պատմության մեջ»,- ասել է Ալբարեսը տեսաուղերձում։

Միլեյի մամուլի քարտուղարը արգենտինական հեռուստաալիքի կիրակնօրյա հարցազրույցում հայտնել է, որ նախագահը ներողություն չի խնդրի։ Նա ավելացրել է, որ իսպանացի պաշտոնյաները պետք է հրաժարվեն վիրավորանքներից, որոնք արվել են նրա հասցեին։

Միլեյի այցը խախտել է դիվանագիտական ընթացակարգը, քանի որ նա հրաժարվել է հանդիպել Իսպանիայի թագավոր Ֆելիպեի եւ վարչապետ Սանչեսի հետ, դրա փոխարեն նախընտրել է իր գրքի առաջմղումը Vox-ի ղեկավար Սանտյագո Աբասկալի հետ կուսակցական հանրահավաքում։

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ «քաղաքական առաջնորդների ընտանիքների անդամների վրա հարձակումները չպետք է տեղ ունենան մեր մշակույթում»։

Ապրիլին Մադրիդի դատարանը հայտնել էր, որ դիտարկում է ազդեցության չարաշահման եւ բիզնեսում կոռուպցիայի մեղադրանքները Սանչեսի կնոջ դեմ, որոնք առաջադրվել էին «Մաքուր ձեռքեր» հակակոռուպցիոն ակտիվիստների խմբի կողմից։

Սակայն ավելի ուշ Մադրիդի դատախազությունը հայտնել էր, որ բողոքարկել է գործը փակելու նպատակով, քանի որ ապացույցներ չկան։

Սանչեսը որոշել է  մնալ վարչապետի պաշտոնում հնգօրյա կշռադատումներից հետո, երբ հայտարարվել էր իր կնոջ դեմ հետաքննության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ