News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության Լենինականի (Գյումրի) Կարմիր դրոշի 39-րդ սահմանապահ ջոկատներից մեկը մայիսի 20-ին նշում է հիմնադրման 100-ամյակը։ Օրվա «հոբելյարին» շնորհավորելու էին եկել վետերաններ մերձավոր արտասահմանից, նախկին հրամանատարներ, դիվանագետներ, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք։

Ջոկատը պահպանում է Թուրքիայի հետ Հայաստանի պետական ​​սահմանի 132 կիլոմետրը։ Անցած հարյուրամյակի ընթացքում ջոկատի աշխատակիցները ձերբակալել և վնասազերծել են 1294 լրտեսների, դիվերսանտների, ավազակների և մաքսանենգների։ 2024 թվականի սկզբից ձերբակալվել է պետական 5 ​​սահմանախախտ:

Այդ շրջանը հավերժացել է սահմանապահների սխրագործության բազմաթիվ օրինակներով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին սահմանապահ ջոկատից ռազմաճակատ են ուղարկվել 380 զինվոր ու սերժանտ, 57 սպա։ Ռազմաճակատ մեկնած սահմանապահ ջոկատի սպաներից էր Լուկա Մինովիչ Դուդկան։ Նրա հրամանատարության տակ գտնվող գունդն առաջինը կռվով անցավ Դնեպր գետը։

Նրա անունով է կոչվել փողոց Գյումրի քաղաքում։ Ջոկատի անդամները մասնակցել են Սպիտակի երկրաշարժից տուժածներին փրկելուն՝ նրանց ապահովել սննդամթերքով, դեղորայքով, վառելիքով։

Ջոկատի ղեկավարության գնահատմամբ՝ վերջին 5 տարիների ընթացքում իրավիճակը սահմանապահ ջոկատի տարածքում շարունակում է մնալ լարված, ձերբակալվել է ավելի քան 30 օրինախախտ: «Սահմանապահ ջոկատը կազմավորումից ի վեր սերտ համագործակցում է տեղի բնակչության և պետական ​​կառույցների հետ։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից կազմավորվել է 150-ից ավելի ժողովրդական ջոկատ, որոնց զգոնության և վճռականության շնորհիվ հայտնաբերվել են բազմաթիվ օրինախախտներ»,- զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում պատմում է ջոկատի հրամանատար Մաքսիմ Գուստյակը։

Նա ասում է, որ սահմանապահ ջոկատի ստորաբաժանումներին պարբերաբար տրամադրվում են սահմանի պաշտպանության տեխնիկական միջոցների նորագույն մոդելներ, որոնք շուրջօրյա մշտական ​​հսկողության տակ են պահում սահմանապահ ջոկատի պատասխանատվության տարածքը։ Ջոկատը ներառում է շների ծառայություն և հեծելազոր՝ լեռնային շրջանների ուղեկալներում։

Ջոկատի հրամանատարը հավաստիացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական ​​սահմանը սահմանապահ ջոկատի պատասխատվության հատվածում ամուր ձեռքերում է և հուսալիորեն պաշտպանվում է։

Պահեստազորի գնդապետ Անդրեյ Վիկտորովիչ Կոմարը հատուկ ժամանել էր Կուբանից՝ ջոկատի 100-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար։ «Ես 17 տարի Հայաստանում չեմ եղել: Այստեղ ծառայել եմ 2001-2007 թվականներին: Հայրենիքին ավելի քան 35 տարվա նվիրած ծառայության 12 հերթապահ կետից ամենաշատը՝ 6,5 տարի, ծառայել եմ Լենինականի սահմանապահ ջոկատում, եղել եմ ջոկատի պետի տեղակալ»,- պատմում է վետերանը՝ Լենինականի և մյուս սահմանապահ ջոկատները համեմատելով վատ եղանակից պաշտպանող հովանոցի հետ:

«Երկար ժամանակ այս սահմաններում ծառայում էին Կուբանի կազակները։ Ես Կուբանի կազակների շառավիղ եմ, ուստի ինձ համար սա ընտանեկան ավանդույթների շարունակությունն է»,- նշում է գնդապետ Կոմարը՝ հավելելով, որ իր կինը նույնպես ծառայել է այստեղ, և այժմ, շարունակելով ընտանեկան ավանդույթները, սահմանապահ զորքերում իրենց որդիներն են ծառայում։ «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սա երկու ժողովուրդների փոխգործակցության իրական պրակտիկ օրինակ է։

Ես միշտ ջերմությամբ եմ հիշում այստեղ ծառայությունս, տեղական իշխանությունների հետ փոխգործակցությունը, իսկ ծարքային քաղաքացիները միշտ արձագանքել են,  տեղի բնակչությունն ըմբռնում էր Հայաստանի շահերին ծառայող մեր աշխատանքի կարևորությունը։ Պարգևներիս թվում է նաև մարշալ Բաղրամյան մեդալը։ Ես շատ եմ գնահատում այս պարգևը»,- ​​ընդգծում է Անդրեյ Վիկտորովիչը՝ հավելելով, որ հոբելյանը կոչված է էստաֆետը մյուս սերունդներին փոխանցելուն։

Մոսկվայից ժամանած գնդապետ Միխայիլ Բաշկիրցևը 1992-1994 թվականների ամենածանր ժամանակներում Լենինականի սահմանապահ ջոկատի պետն էր։ «Սա իմ սիրելի ջոկատն է, ամենասուրբ բազմաչարչար հողը, որը սիրում եմ, հարգում եմ, և որտեղ միշտ հաճույքով եմ գալիս, հանդիպում ընկերներիս հետ: Ես այստեղ շատ ընկերներ ունեմ»,- ասում է գնդապետը։ Հարցին, թե ինչպես է փոխվել թիմը, Միխայիլ Բաշկիրցևը ժպտալով պատասխանում է. «Շատ է փոխվել, ես համեմատելու բան ունեմ: Երկրաշարժից հետո ջոկատը միայն զորանոց ուներ, իսկ իմ շտաբը վագոնի մեջ էր։ Հանրապետությունը շրջափակման մեջ էր, ջոկատում հաց չկար, լույս չկար։ Բայց մենք լավ փոխգործակցում էինք տեղական իշխանությունների հետ և ընկերներով ամեն ինչ կիսում իրար մեջ: Իսկ հիմա ջոկատը գրեթե քաղաք է դարձել՝ խնամված ու գեղեցիկ քաղաք»։

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-լեյտենանտ, այժմ «Ռուսաստանի սպաներ» համառուսաստանյան հասարակական շարժման նախագահության անդամ Անատոլի Դմիտրիևիչ Միխեևը լրագրողների հետ զրույցում Լենինականի սահմանապահ ջոկատի 100-ամյակն անվանել է բոլոր սահմանապահ զորքերի պատմության մեջ կարևորագույն հանգրվան։

«Այս տեղամասը միշտ բարդ է բնութագրվել ոչ միայն սպասարկման կազմակերպման, բնական և կլիմայական պայմանների, այլ նաև իրավիճակի առումով: Նույնիսկ երբ ես 2015- 2018 թվականներին սահմանապահ վարչության հրամանատարն էի, Գյումրի-Լենինական հատվածն էր, որ ավելի ու ավելի շատ հարցեր էր առաջ բերում՝ մաքսանենգության կանխարգելման և վտանգավոր սահմանախախտների կալանավորման առնչությամբ»,- նշում է գեներալը։

Հանդիսավոր հանդիպմանը հոբելյարներին շնորհավորել են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության հրամանատար Ռոման Գոլուբիցկին, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեսպանները, ՀՀ ԱԱԾ և տեղական իշխանությունների ներկայացուցիչները։ Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը հոբելյանն անվանել է բարեկամության և համագործակցության խորհրդանիշ։ «Սահմանապահների աշխատանքը մեր անվտանգության և բարգավաճման առհավատչյան է», -ընդգծել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Լենինականի սահմանապահ ջոկատի հարյուրամյակը նշանակալի իրադարձություն է ոչ միայն տարիների քանակով, այլ նաև այն պատճառով, որ ամփոփում է նման միջանկյալ հանրագումար՝ 1924 թվականին ստեղծված այս ջոկատի կարևոր, փառավոր ուղին:  

«Այս ջոկատի անցած ուղին արտացոլում է հարաբերությունների այն որակը, որը  միշտ եղել է ռուս և հայ ժողովուրդների միջև»,- ​​շեշտում է դեսպանը՝ համոզմունք հայտնելով, որ ռուս և հայ սահմանապահներն այսօր ուս ուսի տված են կատարում մարտական ​​հերթափոխն ուարժանապատիվ մակարդակով կրում են էստաֆետը, որը նրանց փոխանցել են իրենց նախորդները:

«Իհարկե, բոլորս դեռ դժվար ժամանակներ ենք ապրում՝ և՛ տարածաշրջանում, և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Ռուսաստանի Դաշնությունում: Տարածաշրջանում իրադարձությունները շատ հարաճուն են զարգանում: Մի կողմից՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար հնարավորություններ են ստեղծվում։ Միևնույն ժամանակ նոր ռիսկեր են երևան գալիս։ Եվ, ցավոք, այս ամենն արտացոլվում է այն առաքելության մեջ, որը կատարում են սահմանապահները»,- նշում է դեսպանը:

«Բոլորս գիտենք, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները համատեղ ծառայում են սահմանապահ զորքերում, դրանց թվում՝ Լենինականի սահմանապահ ջոկատում։ Սահմանապահներն իրենց ծառայության և գործունեության բնույթով սերտորեն կապված են տեղի բնակչության և իշխանությունների հետ։ Սա իսկապես շատ կարևոր գործոն է մեր հարաբերություններում»,-նշում է Կոպիրկինը: Պարզաբանելու համար, թե կարելի՞ է ակնկալել, որ սահմանապահները հայկական հողում կմնան ևս 100 տարի, դեսպանը հիշեցրեց, որ ռուս սահմանապահների ծառայությունն իրականացվում է պայմանագրային հիմունքներով։

«Դժվար է այդքան հեռու նայել ապագային: Կարելի է ասել՝ այս հարցում պայմանավորվածություններ կան։ Մայիսի 8-ին այս հարցի շուրջ քննարկումներ են եղել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, ապա մեկնաբանություն են տվել նախագահի մամուլի քարտուղարը և ԱԴԾ ղեկավարը։ Այնպես որ, ամեն ինչ համաձայնագրի շրջանակում է»,- հիշեցրել է դիվանագետը։

Պաշտոնական մասից և մրցանակաբաշխությունից հետո օրվա հերոսները հյուրերին ուրախացրել են ծառայողական շների մասնակցությամբ ցուցադրական ելույթով՝ դիվերսիոն-հետախուզական խմբի հայտնաբերում և կալանավորում, ձեռնամարտ, պաշտպանական տեխնիկա՝ զենքով և անզեն։

Նշենք, որ մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Արմավիրի սահմանապահ ջոկատը ևս 100 տարեկան կդառնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ