News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է «Անվտանգության դաշնային ծառայությանը եւ Արտաքին հետախուզության ծառայությանը առանձին կարգի անձանց՝ Ռուսաստանից դուրս գալու մասին նախապես ծանուցելու կարգի մասին» դրույթը։

Փաստաթուղթը պարտավորեցնում է ռուսաստանցիներին, որոնց հասանելի է պետական գաղտնիքը, ինչպես նաեւ «հատուկ կարեւորության տեղեկություններին կամ գաղտնի տեղեկություններին ծանոթ անձանց» տեղեկացնել ԱԴԾ-ին եւ ԱՀԾ-ին արտասահման մեկնելու մտադրության մասին մեկնումից օրացուցային 30 օր առաջ։ Եթե անհրաժեշտ է շտապ արտասահման մեկնել, ծանուցումը թույլատրվում է ուղարկել անհապաղ։

«Նախնական ծանուցումը» արտասահման մեկնելու համար պահանջվում է պաշտոններ զբաղեցնող անձանցից, որոնք ներառված են պետական գաղտնիքի հասանելիություն ունեցող անձանց ցուցակում, ինպես նաեւ սենատորներից, Պետդումայի կամ շրջանային օրենսդիր ժողովների պատգամավորներից, մունիցիպալիտետների ղեկավարներից, դատավորներից եւ փաստաբաններից, որոնք տիրապետում են հույժ գաղտնի տեղեկության։

ԱԴԾ-ին եւ ԱՀԾ-ին տեղեկացնելով Ռուսաստանից հեռանալու պլանների մասին՝ վերոնշյալ անձինք պետք է նշեն պաշտոնի անվանումը, անուն-ազգանուն-հայրանունը, ծննդյան թիվը, մեկնման նպատակը, այցելվող պետությունների ցուցակը եւ ուղեւորության ժամկետը, տրանսպորտի տեսակը, մեկնելու արտասահմանյան վայրի հասցեն։

«Նախնական ծանուցման կարգի մասին» դրույթը  հաջորդել է պետական գաղտնիքի հասանելիություն ունեցող մարդկանց արտասահման մեկնելու մասին օրենքին, որն ընդունվել է 2023թ.։ Օրինագծի հեղինակներից մեկը Պետդումայի անվտանգության կոմիտեի ղեկավար Վասիլի Պիսկարյովն է, որը պնդում է, որ ավելի քան 16 հազար ռուսաստանցիներ, որոնք պետական գաղտնիքի հասանելիություն ունեն, գույք ունեն արտասահմանում կամ մերձավոր ազգականներ, իսկ «գաղտնիք կրողների հանդեպ օտարերկրյա հատուկ ծառայությունների գործողությունների թվաքանակը», նրա խոսքով, «ավելացել է գործնականում երկու անգամ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ