News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Այն նպատակ ունի բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և հանրահռչակելու Արամ Խաչատրյանի արվեստը։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի մրցույթը կանցկացվի ջութակ մասնագիտական կարգում։ Երաժշտական ստուգատեսը տեղի կունենա 3 փուլով։ Առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին‚ երկրորդ փուլը՝ հունիսի 9-ին և 10-ին‚ երրորդ փուլը՝ հունիսի 11-ին և 12-ին։ Իսկ ահա հունիսի 13-ին կայանալիք գալա համերգի ընթացքում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները‚ և տեղի կունենա պարգևատրման արարողությունը։

Մրցույթի ծրագրում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Այդպիսով՝ մրցույթի մասնակիցները սովորում և իրենց նվագացանկում ընդգրկում են հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները։

Առաջին մրցանակակիրը կստանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամական պարգև‚ 2-րդ տեղը զբաղեցնողը կպարգևատրվի 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով‚ իսկ 3-րդ մրցանակակիրը կարժանանա 3000 դոլար մրցանակի։ Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտանիքում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ