News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Շատ տրամաբանական է, որ այս օրերին, բացի ՍԴ դատարանի դատավորի ընտրության բուն հարցից, քննարկում ենք քաղաքական կարևորության և նշանակության հարցեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Սահմանադրական դատարանի հետ, որովհետև այս օրերին Հայաստանում ընթացող գործընթացները խոր աղերսներ ունեն նաև ՍԴ-ի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, խորհրդարանում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավորական խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Որովհետև ի՞նչ է տեղի ունենում: Տեղի է ունենում այն, որ այսօր Հայաստանում կան կոնկրետ քաղաքական ուժեր, խմբեր և նաև մեր խորհրդարանական ընդդիմությունը, որոնք այդ թվում՝ Հայաստանից դուրս ուժերի հետ ուս ուսի տված խնդիր են դրել կազմալուծել Հայաստանի պետականությունը, իսկ ՍԴ-ն Հայաստանի պետականության պահպանման կարևորագույն ինստիտուտ է»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ այն, ինչին երեկ ԱԺ-ում ականատես եղանք ՍԴ դատարանի դատավորի թեկնածուի վարկաբեկմանն ուղղված հարցադրումներին, այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Խոսքը, մասնավորապես, թեկնածուի աշխատավայրին էր վերաբերում:

«Մեր ընդդիմադիր գործընկերը մեղադրում էր թեկնածուին, որ նա որոշ ժամանակ աշխատել է, այսպես կոչված, «Սորոսի» հիմնադրամում: Հարց էր հնչեցնում, որ եթե դուք ընտրվեք, ի՞նչ երաշխիքներ եք տալիս, որ չեք լինելու օտարերկրյա ազդեցության գործկալ: Կարծում եմ՝ այդ հարցը կարելի է վերադարձնել մեր գործընկերոջը եւ ասել՝ օրինակ, Գեղամ Մանուկյանը ձեզ ի՞նչ երաշխիք է տվել, որ ինքը օտարերկրյա ազդեցության գործակալ չէ: Որովհետեւ Գեղամ Մանուկյանը «սորոսական» է,  որովհետև Գեղամ Մանուկյանը և իր «Երկիր Մեդիան» 100 հազարավոր դոլարների Սորոսի հիմնադրամից  գրանտներ է ստացել, դուք էլ վստահ եմ լսել եք, դուք էլ վստահ եմ օգտվել եք այդ գրանտներից:

Հիմա դուք ի՞նչ երաշխիք եք տալիս, որ Գեղամ Մանուկյանը օտարերկրյա ազդեցության գործակալ չէ: Ես կարծում եմ, որ Ձեր երաշխիքները հարկավոր չեն, ամեն ինչ պարզ է»,- ասել է նա:

«Ձեր տրամաբանությունը ձեր դեմ է աշխատում, հարգելի՛ գործընկերներ: Եթե դուք թեկնածուին հարցնում եք իր աշխատավայրով պայմանավորված՝ ինքը կարող է դիտվել որպես օտարերկրյա գործակալ, նայեք ձեր շուրջբոլորը: Ձեր կողքը նստած են, ձեր իսկ բնորոշմամբ, օտարերկրյա ազդեցության գործակալներ, որոնք ձեզ ի՞նչ երաշխիք են տվել: Բայց իրականում այդ հարցը նպատակ ունի դելեգիտիմացնել թեկնածուին և ՍԴ-ն: Մեկ անգամ չէ, որ մենք, հատկապես պատերազմից հետո, ականատես ենք եղել, թե ինչպես եք դուք փորձել դատական համակարգը օգտագործել որպես Հայաստանի ժողովրդի վրեժ լուծելու միջոց»,- ասաց Հայկ Կոնջորյանը:

Ըստ բանախոսի՝ մենք ներկայումս իրագործելի նպատակների ու անիրագործելի երազանքների արանքում մնացած քաղաքական բանավեճի և երկփեղկվածության մեջ ենք: Նրա խոսքով՝ վարչապետի առաջ քաշած՝ իրական և պատմական Հայաստանը հենց դրա մասին է՝ իրագործելի նպատակների և անիրագործելի երազանքների բանավեճի: «Եվ սահմանազատումը հենց դրա մասին է»,- հավելեց պատգամավորը:

Տպել
Ամենաշատ