News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2024 թվականի մայիսի 21-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Գործընթացն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին»  N 596-Ն որոշման դրույթների: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

  1. Ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։

Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է գրավոր եղանակով:

1)  «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչները՝ «Պատմություն» առարկայից, «Հայրենագիտություն» և «Իմ հայրենիքը» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Հայրենագիտություն» առարկայից, «Բնագիտություն» և «Բնություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Բնագիտություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Ինֆորմատիկա» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։

2) 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» («Իմ հայրենիքը»), «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների և դասվարների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է (թեստավորման) էլեկտրոնային եղանակով:

«Բնագիտություն» («Բնություն») և «Հայրենագիտություն» («Իմ հայրենիքը») առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:

Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ժամը 18:00-ն, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը).

3) դասավանդվող առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (նշված կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ նշված կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան).

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

*տեղեկացում

2.Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև 1-12-րդ դասարաններում դասավանդվող վերոնշյալ բոլոր առարկաներից հետևյալ անձինք.

1)  Կամավոր ատեստավորմանը կարող է մասնակցել  մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ևս, այդ թվում՝ ատեստավորմանը կարող է մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և վերոնշյալ  առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ  չաշխատող անձը: 

2) 2024  թվականի կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները:

3)  Ի գիտություն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների. առաջնորդվելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 621-Լ որոշման պահանջներով՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը կարող է մասնակցել կամավոր ատեստավորման փուլին:

Վերոնշյալ 3 կետով ներկայացված դեպքերում արդեն ուսուցիչները ատեստավորմանը մասնակցելու համար  հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հետևյալ հարթակում՝ /at.emis.am/ մինչև սեպտեմբերի 1-ը՝ ժամը 18:00-ն, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման  հնարավորությունը փակվելու  է:

Հայտը ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) անձի անունը, ազգանունը, հայրանունը.

2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).

3) բնակության վայրը (մարզը, համայնքը).

4) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան).

5) հանրային ծառայության համարանիշը.

6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.

7) բարձրագույն կրթություն չունեցող անձինք ներկայացնում են կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի  պատճենները /կրթությունը հավաստող փաստաթղթի  հետ որպես մեկ ֆայլ սքան անել և ներբեռնել համակարգ/:

Հայտերի լրացման մանրամասների համար՝ կից ուղեցույցը:

Ուսուցիչ չաշխատող անձի համար - https://support.emis.am/article/910

Դպրոցում աշխատող ուսուցիչների համար - https://support.emis.am/article/909

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ