News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում իր ելույթում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմությանը մեղադրեց «քաղաքականապես հայդուկ, մտածողությամբ լեռներում» լինելու և «քաղաքական ջեբկիրությամբ» զբաղվելու համար:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը քաղաքական ջեբկիրությամբ գրպանել է ոչ թե «մանր-մունր բաներ», այլ մի ամբողջ պետություն, պետական հարստություն:

«Հետո ձեր գրպաններից հանել եք ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ով տվել եք այստեղ-այնտեղ, գրպանել եք ժողովրդի իշխանությունը, հիմա այսօր փորձում եք վերադառնալ տարբեր կերպարանքներով: Նորից եմ կրկնում՝ Հայաստանում քաղաքական հեթանոսությունը հեռանկար չունի, որովհետև Հայաստանում հաստատվել է նոր կարգ, քաղաքական նոր հավատամք, Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն:

Դուք դրան չեք հավատում, մենք դա գիտենք: Դուք փորձում եք հետ վերադարձնել գողապետությունը, որովհետև դուք չեք կարողանում առանց գրպանելու, առանց քաղաքական ջեբկիրության: Դուք իշխանությունը վերազավթելու համար Հայաստանում հիմնադրել եք մարդկային վշտի արդյունաբերություն, արդյունաբերական ռելսերի վրա դրել մարդկանց վիշտը ու տառապանքը: Դուք մտածում եք՝ որտեղ կարող է մի վատ բան լինի, որ դժբախտության մունետիկի նման գնաք էս տաղավարից էն տաղավարը, էս հրապարակից էն հրապարակը, էս փողոցից էն փողոցը եւ քաղաքական բայղուշությամբ ասել՝ ամեն ինչ վատ է լինելու, պետությունը կործանվում է, որ մենք գանք, էսպես կանենք, էնպես կանենք»,- նշեց պատգամավորը:

Հայկ Կոնջորյանը հիշեցնելով աստվածաշնչյան պատմությունը, որտեղ սատանան Քրիստոսին երեք անգամ փորձում է,  ասաց. «Հիմա սատանան հայ ժողովրդին երեք անգամ փորձել է, սա երրորդն է: Առաջին անգամ փորձում էր սպիտակ վերնաշապիկնեով, թեւերը քշտած, որ իբր գալիս են երկիրը փրկեն: Այդտեղ PR-շիկները լավ փող աշխատեցին: Երկրորդ կերպարանափոխությունը եւ փորձությունը սատանայի եղավ երկու տարի առաջ, երբ էլի փորձում էին փողոցում փրկել հայ ժողովրդին: Զուգահեռ ասում էին՝ դուք թուրք եք, դավաճան եք, եկեք ձեզ փրկենք: Տարբեր մարդկանց էին ծեծում, վիրավորում եւ ուզում էին փրկեին: Էլի հայ ժողովուրդը սատանայի փորձության էլ դիմացավ:

Երրորդ փորձությունը շատ պրոֆեսիոնալ է: Սատանայի երրորդ կերպարանափոխությունը եկել է վեղարի տակ:  Սա ուղղակի «մաստեր կլաս» է: Ես ուզում եմ Ռոբերտ Քոչարյանին արժանին մատուցել, թե ոնց կարողացավ Ռոբերտ Քոչարյանը չիմանալով «Հայր մերը» վեղարի տակ մտնել ու գալ, փրկել հայ ժողովրդին:

Սա իսկապես մաստեր կլաս է, ուղղակի խնդիրն այն է, որ դուք չեք հաշվարկել, որ սա 21-րդ դարն է, կան տեսախցիկներ, ուղիղ եթերներ: Սա միջնադար չէ, միջնադարի ինկվիզիցիոն հարաբերություններ չեն, և ինչ-որ մի կղերական չի կարող սեփական միջնադարը պարտադրի լուսավորյալ, 21-րդ դարի հայ ժողովրդին: ՀՀ-ում ժողովրդի իշխանությունն անշրջելի է, ՍԴ-ն ժողովրդավարության պահպանման գործում ֆունդամենտալ նշանակություն ունի»,- ընդգծեց ՔՊ խմբակցության ղեկավարը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ