News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Լիտվան, Լատվիան և Ֆինլանդիան արձագանքել են զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, ըստ որոնց Ռուսաստանը ձգտում է Բալթիկ ծովի մի քանի երկրների հետ միակողմանիորեն փոխել ծովային սահմանները։

Ըստ «Европейская правда»-ի՝ Լիտվայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի նման գործողությունները դիտվում են որպես հարևան երկրներին և նրանց հասարակություններին ահաբեկելուն միտված գիտակցված, նպատակաուղղված, էսկալացիոն սադրանք։ «Սա ևս մեկ ապացույց է, որ Ռուսաստանի ագրեսիվ և ռեվիզիոնիստական ​​քաղաքականությունը սպառնում է հարևան պետություններին և ամբողջ Եվրոպայի անվտանգությանը», - ասված է հայտարարության մեջ։

Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ չորեքշաբթի ՌԴ ներկայացուցիչը կհրավիրվի ԱԳՆ՝ մանրամասն բացատրությունների համար, իսկ Լիտվայի պատասխանը կհամաձայնեցվի գործընկերների հետ։ Լիտվայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել և պահպանել միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ միջազգային և երկկողմ համաձայնագրերը:

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտնել է, որ Ռուսաստանը այս հարցով Ֆինլանդիայի հետ կապ չի հաստատել։

Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը նշել է, որ իր գերատեսչությունը ճշտում է լրատվամիջոցների հաղորդած մանրամասները։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիան ափամերձ պետությունների ծովային գոտիների սահմանման, ներառյալ դրանց վերանայման վերաբերյալ դրույթներ է պարունակում:

«Ենթադրում ենք, որ Ռուսաստանը՝ որպես կոնվենցիայի կողմ, համապատասխան կերպով կգործի։ Պետք է հիշել, որ թյուրիմացություններ մտցնելը նույնպես հիբրիդային արդյունք է։ Ֆինլանդիան չի մոլորվի»,- շեշտել է պաշտոնյան։

Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն նշել է, որ իր երկիրը իրավիճակը պարզաբանելու համար կապի մեջ է Ֆինլանդիայի, Լիտվայի և Բալթիկ ծովի այլ երկրների գործընկերների հետ։

Նախօրեին Moscow Times-ը հայտնել էր, որ Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են Բալթիկ ծովում միակողմանիորեն փոխել երկրի ծովային սահմանները Լիտվայի և Ֆինլանդիայի հետ։

Իսկ Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Բյուդենն էլ կարծում է, որ Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է շվեդական Գոթլանդ կղզու վրա վերահսկողություն հաստատել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ