News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Ավստրալական համալսարանը խոստանում է օգտագործված սուրճի մրուրը վերածել նյութի, որը կարելի է ավելացնել բետոնի մեջ՝ այն դարձնելով ավելի ամուր և էկոլոգիապես մաքուր՝ ջերմոցային գազերի արտանետումները հնարավորին չափ նվազեցնելով։

Ըստ Reuters-ի՝ ավազի ու մանրախիճի խառնուրդը ցեմենտի և ջրի հետ ներառող բետոնի արտադրությունը ջերմոցային գազերի հիմնական արտադրողն է, որը՝ ՄԱԿ-ի տվյալներով՝ կազմում է համաշխարհային արտանետումների մոտ 7%-ը:

Մելբուռնի RMIT համալսարանի հետազոտողները սուրճի թափոնները առանց թթվածնի տաքացնելով, ինչը հայտնի է իբրև պիրոլիզի գործընթաց (բարձր ջերմաստիճաններում օրգանական միացությունների դեստրուկցիայով ուղեկցվող փոխարկումներ), որպեսզի արտադրեն բիոածուխ կոչվող նյութ: Բիոածուխը կարող է փոխարինել բետոնի մեջ օգտագործվող ավազի մինչև 15%-ը:

Ավստրալացի առաջատար հետազոտող Ռաջև Ռոյչանդը հավաստիացնում է, որ բիոածուխի ավելացումը բետոնը 30%-ով ավելի ամուր է դարձնում և շուրջ 10%-ով նվազեցնում է ցեմենտի անհրաժեշտ քանակությունը:

Ըստ ՄԱԿ-ի 2022 թվականի զեկույցի՝ աշխարհում տարեկան արդյունահանվում է մոտ 50 միլիարդ տոննա ավազ՝ հիմնականում բետոնի արտադրության համար։ Ավազի արդյունահանումը հաճախ անդառնալի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, իսկ ավազի քանակն էլ տարեցտարի սակավ է դառնում:

Ցեմենտի արտադրությունը, որը ներառում է կրաքարի և կավի խառնուրդի տաքացում մինչև մոտավորապես 1500 աստիճան ըստ Ցելսիուսի (2732 աստիճան ըստ Ֆարենհայթի) բետոնի արտանետումների համար հիմնականում պատասխանատուն է:

Մայիսի սկզբին Մելբուռնի մերձակայք Մակեդոն-Ռեյնջս կոմսության խորհուրդը հետիոտնային արահետ կառուցելու նպատակով օգտագործել է սուրճի բետոն:

Ռոյչանդը հայտնել է, որ Մելբուռնի RMIT  համալսարանը սուրճի մրուրը վերամշակելու շուրջ բանակցություններ է վարում մի քանի շինարարական ընկերությունների և բետոն արտադրողների, ինչպես նաև Starbucks-ի հետ և կարող է բիոածուխ արտադրող ընկերություն ստեղծել:

Ավստրալական ենթակառուցվածքային Bild Group ընկերությունը, ըստ Ռոյչանդի, հայտարարել է, որ մտադիր է փորձարկել բետոնը և հույս ունի օգտագործել այն խոշոր ճանապարհային նախագծերում:

Ռաջև Ռոյչանդն ասում է, որ Ավստրալիան տարեկան արտադրում է մոտ 75 հազար տոննա սուրճի մրուր, և դրանցից արտադրվող բիոածուխն ի վիճակի է փոխարինելու մինչև 655 հազար տոննա ավազ բետոնի մեջ, քանի որ այն ավելի խիտ նյութ է: Համաշխարհային մասշտաբով սուրճի թափոններից ստացված բիոածուխը կարող է բետոնի մեջ մինչև 90 միլիոն տոննա ավազի փոխարինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ