News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ  շարունակվում է: Անահիտ Մանասյանը  մայիսի 24-ին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա օրակարգային տարբեր խնդիրներ, մասնավորապես` սահմանային բնակավայրերում մարդկանց անվտանգային մի շարք հարցեր` կապված սեփականության իրավունքի, կրթության, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների հետ:

Համատեղ քննարկվել են նաև քաղաքացիների կողմից բարձրացված անհատական բողոքները: 

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկզբունքը։

Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:

Այնուհետև, Անահիտ Մանասյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ այցելել է Սյունիքի մարզի «Սյունիքի» և «Աճանանի» միջնակարգ դպրոցներ` մասնակցելու Վերջին զանգի արարողությանը: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանն իր ելույթում մաղթել է նրանց երբեք չընկճվել, անընդհատ կրթվել, սիրով վերաբերվել  իրենց շրջապատող միջավայրին:

«Կյանքում բազմաթիվ մարտահրավերների կարող եք բախվել, երբե՜ք չընկճվեք, ընկալեք դրանք որպես հնարավորություն և ձեզ շրջապատող միջավայրին վերաբերվեք սիրով: Հիշեք նաև, որ գիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել։ Վստահ եղեք` այս ամենի գիտակցումը ձեզ համար հաջողության նոր դռներ կբացի: Ես սա ասում եմ նաև իմ օրինակով: Թերևս սա է իմ մաղթանքը ձեզ: Ուզում եմ նաև իմ հանձնառությունը հայտնել իմ մանդատի շրջանակում ցանկացած հարցում ձեզ աջակից լինելու»,- Անահիտ Մանասյան:

Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև 2 դպրոցների տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, շրջայց կատարել դպրոցներում, քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր:

Պաշտպանը շրջանավարտներին է հանձնել նաև խորհրդանշական հուշանվերներ:

Տպել
Ամենաշատ