News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Օրը տոնական է. հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտները ավանդական վերջին դաս միջոցառմամբ հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 1 ավագ, Արգինայի և Բագարանի միջնակարգ դպրոցներ: Նախարարին ուղեկցել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցը, որը նախարարի առաջին կանգառն էր, այս տարի  190 շրջանավարտ ունի:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: «Այս օրը հուզառատ է, որովհետև ձեզ տեսնելով՝ բոլորիս հիշողության մեջ թարմանում են մեր վերջին զանգն ու ապրած հույզերը: Սիրելի՛ շրջանավարտներ, լիարժեք ապրեք այսօրվա յուրաքանչյուր վայրկյանը, զգացողությունը, հուզմունքը՝ որպես ամբողջ կյանքում ուղեկցող վառ հիշողություն: Ամուր գրկեք ձեր ընկերներին, շնորհակալություն հայտնեք ուսուցիչներին՝ ձեզ հետ այսքան տարիներ աշխատած բոլոր մարդկանց, որոնցից դուք սովորել եք, և որոնք, վստահ եմ, հուզված են ձեզնից ոչ պակաս: Ամուր գրկեք ձեր ծնողներին. նրանց մոտ այսօր շատ են անհանգստություններն ու վախերը. նրանց երեխաները մտնում են մեծ կյանք, որտեղ սպասվում են նոր մարտահրավերներ և խնդիրներ: Այսօրվա հիշողությունները տարեք ձեզ հետ, և թող դրանք ուղեկցեն ձեզ կյանքի ուրախ և  դժվար օրերին: Դժվարությունների հանդիպելիս երբեք չվհատվեք. դպրոցում դուք արդեն սխալվել և սեփական սխալների վրա սովորել եք շատ անգամներ: Դուք արդեն գիտեք, որ  ձեր հաջորդ քայլերը պետք է ավելի գիտակցված և ճիշտ լինեն»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շրջանավարտներին ուղղված խոսքում:

Արգինայի նորակառույց միջնակարգ դպրոցը, որն ընդգրկված է ՀՀ կառավարության վերակառուցվող և բարեկարգվող 300 դպրոցների ծրագրում, այս տարի ճանապարհում է 3 շրջանավարտի: Նկատելով, որ 3 շրջանավարտներին ճանապարհում են 6 առաջին դասարանցիներ, նախարարը հույս է հայտնել, որ աշակերտների թիվը բարեկարգված դպրոցում տարեցտարի կավելանա. և նոր պայմանները կնպաստեն որակյալ կրթություն ստանալուն, լավ քաղաքացիներ դառնալուն, երկրի զարգացմանն ու հզորացմանը:

Բագարանի միջնակարգ դպրոցը հրաժեշտ է տալիս 8 շրջանավարտի: Նախարարը բազում ձեռքբերումներ է մաղթել աշակերտներին և կոչ արել դժվարությունները հաղթահարելու համար առաջնորդվել  դպրոցում ստացած գիտելիքով ու հմտություններով.  «Վստահ եմ՝ հանդիպելու նոր առիթներ ենք ունենալու՝ լսելու ձեր հաջողությունների մասին և հպարտանալու ձեզնով»:

Տեղեկացնենք, որ 2023/24 ուսումնական տարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանն ավարտում են 20.554 շրջանավարտներ, իսկ 9-րդ դասարանը՝  39.406  սովորողներ: Ընդ որում՝ Տավուշի մարզում 2023-2024 ուստարում առաջին անգամ 9-րդ և 12-րդ դասարանները կավարտեն հանրակրթության պետական չափորոշչով ուսանած առաջին շրջանավարտները՝ 1678 շրջանավարտ 9-րդ դասարանում և 1045 շրջանավարտ՝ 12-րդ դասարանում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ