News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Շվեյցարացի գիտնականներն ու շոկոլադ արտադրողները մշակել են բաղադրատոմս, որն աղանդերն ավելի առողջարար է դարձնում: Նոր տեխնոլոգիան միաժամանակ նվազեցնում է արտադրական թափոնները։

Կակաոյի պտուղն ունի սեխանման կառուցվածք։ Կոշտ կեղևի տակ սերմերը շրջապատող միջուկն է (կակաոյի հատիկներ): Շոկոլադ պատրաստելու համար օգտագործվում են միայն կակաոյի հատիկներ, իսկ պտղի մնացած բոլոր մասերը պետք չեն։

Ցյուրիխի Բարձրագույն տեխնիկական դպրոցի հետազոտողները շվեյցարական Max Felchlin AG շոկոլադի գործարանի հետ միասին մշակել են կակաոյի մրգային շոկոլադի բաղադրատոմս, որը, բացի հատիկներից, օգտագործում է պտղի միջուկը և դրա կեղևի ներսի հատվածը:

Փորձի արդյունքները հրապարակվել են Nature Food հանդեսում։ Աշխատանքի հեղինակները կեղևի ներսը փոշիացրել են ու խառնել միջուկի հետ։ Արդյունքում ստացվել է կակաոյի գելը՝ շատ քաղցր դոնդողանման նյութ, որը հնարավորություն տվեց շոկոլադի մեջ շաքարի փոշի չավելացնել։

Բաղադրիչների իդեալական հարաբերակցությունը, որի դեպքում շոկոլադը բավականաչափ քաղցր էր և ուներ ճիշտ հյուսվածք, որոշվել է փորձարարական ճանապարհով: Պարզվել է՝մոտավորապես 20% կակաոյի գելը իր քաղցրությամբ համարժեք է 5-10% շաքարի փոշիին (սովորական մուգ շոկոլադը պարունակում է 30-40% փոշի)։

Միջուկից արտազատված առատ հյութը շոկոլադը թանձրուկավոր դարձրեց, իսկ երբ այն քիչ էր, աղանդերը դառն էր ստացվում: Բաղադրիչների ճիշտ համամասնությունները պարզելուն օգնել են Շվեյցարիայի Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի մասնագետները: Նրանք համտեսել են հինգ գրամ «ավանդական» շոկոլադ՝ տարբեր քանակությամբ շաքարի փոշիով և կակաոյի պտղով, այնուհետև գնահատել են տարբեր տեսակի աղանդերի քաղցրության աստիճանը։

Ըստ դասական եվրոպական բաղադրատոմսի՝ մուգ շոկոլադի համեմատ՝ կակաոյի մրգային շոկոլադը պարունակում է գրեթե 20% ավելի շատ բջջանյութ, որն անհրաժեշտ է աղիների նորմալ աշխատանքի և արյան շաքարի մակարդակը կարգավորելու համար։

Բացի դրանից, այն պարունակում է մոտ 30%-ով ավելի քիչ հագեցած ճարպեր, որոնք ավելորդ օգտագործման դեպքում վնասում են օրգանիզմը, մասնավորաես, մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը։

Կարևոր է նաև, որ կակաոյի պտղի կիրառումը շոկոլադի արտադրությունը դարձնում է էկոլոգիապես մաքուր և տնտեսապես շահավետ: Եթե ագարակատերերը սկսեն օգտագործել ոչ միայն հատիկները, այլև գրեթե ամբողջ կակաոյի պտուղը, կդիվերսիֆիկացնեն իրենց տեսականին, կնվազեցնեն թափոններն ու կմեծացնեն եկամուտը: Կակաո աճեցնողներին հնարավորություն կընձեռվի կակաոյի գելի բաղադրիչները վաճառել շոկոլադ արտադրողներին։

Հետազոտողները նշել են, որ կակաո-մրգային շոկոլադը հարմար է արտադրության համար, իր առավելություններով գերազանցում է «ավանդական» շոկոլադին և չի տարբերվում նրանից համով, այն մոտ ապագայում չի հայտնվի դարակներում։

Նրանց համոզմամբ՝ արդյունաբերական արտադրությունից առաջ առնվազն պետք է արտադրողներին տրամադրել կեղևը չորացնելու սարքավորումներ և կակաոյի գելի համար բավարար քանակությամբ փոշի կուտակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ