News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Հայաստանի դիվանագիտությունը հայտնվել է մի ոլորանի մեջ, անողոք մի շրջափուլի մեջ, որից դուրս գալը այս իշխանությունների պայմաններում ուղղակի անհավանական եւ անհնարին է։ Այս մասին իր ելույթի ժամանակ հայտնել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ 

Նախ նա իր երախտիքի խոսքն է հայտնել Հայ Հեղափոխական Դաշնակցության բոլոր ժամանակների ղեկավարներին, որոնք մշտապես ունեցել են տեսլականը այս կառույցները ստեղծելու։

«Իսկապես այս կառույցները մեծ նպաստ են բերել Հայաստանի պետությանը, հայ ժողովրդին։ Ես ինքս դրա վկաներից, ականատեսներից մեկն եմ։ ինչպես Սրբազանը վկայեց, որ աշխատել է հանձնախմբերի հետ, ես նույնպես որպես արտաքին գործերի նախարար, տաս տարի շատ մոտիկից աշխատել եմ ձեր բոլոր կառույցների հետ։ Եվ իսկապես մեր համատեղ ջանքերով մենք կարողացել ենք լուրջ հաջողությունների հասնել Արցախի ինքնորոշման հարցում, Ցեղասպանության ճանաչման, Հայաստանի անվտանգային հարցերում, տնտեսական զարգացման, ժողովրադավարության։ Եվ իսկապես իմ պաշտոնավարման ավարտին մենք հայ ժողովրդին բավականին լավ ժառանգություն ենք թողել հատկապես Արցախի հարցում, որը այժմեական էր նույնիսկ 2018 թվականին», - նշել է Վարդան Օսկանյանը։ 

Նրա խոսքով՝  այս հավաքը հենց այդ տեսակետից իրեն հիշեցնում է իր նախարարության շրջանը հենց այս ձեւաչափով, երբ տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բոլոր դեսպանները հավաքվում էին Երեւանում գնահատելու արած աշխատանքը, վերլուծելու իրավիճակը եւ գնահատելու հետագա անելիքները։

«Բայց այս հիշողությունները եւ այսօրվա իրավիճակը էապես տարբերվում են ժամանակի բովանդակության առումով։ Այդ ժամանակ գոյություն ուներ Արցախ իր պետական կառույցներով, իր ժողովրդի կողմից ընտրված ղեկավարությամբ։ Հայաստանը բանակցային սեղանի շուրջ կարողանում էր թելադրել իր կամքը։ Մենք ունեինք իսկապես դաշնակիցներ եւ բարեկամներ, որոնք օգնում էին մեզ, նպաստում մեր վարած քաղաքալանության մեջ, եւ նույնիսկ մեր հակառակորդները հարգում էին Հայաստանի սահմաններն ու իշխանությունը։ Այսօր չկա Արցախ, արցախահայությունը զրկվել է իր հայրենիքից, տնից։ Հայաստանի դիվանագիտությունը անորոշության մեջ է, դաշնակցական առաքելությունները փլուզվել են, բարեկամները անտարբեր են։ Հայաստանի դիվանագիտությունը հայտնվել է մի ոլորանի մեջ, անողոք մի շրջափուլի մեջ, որից դուրս գալը այս իշխանությունների պայմաններում ուղղակի անհավանական եւ անհնարին է», - ասել է նա։

Տպել
Ամենաշատ