News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Երևանի «Վերածնունդ» երիտասարդական թաղամասը կառուցապատող ընկերությունը խախտել է քաղաքապետարանի տված շինթույլտվության կետերը` կատարելով նախագծում բացակայող կոնստրուկցիաների շինարարություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Ալիկ Վարդազարյանը։

«Կա շեղում քաղաքապետարանի թույլտվության և շինարարությունից հետո կադաստրում գրանցված տարածքի միջև, այսինքն կարողացել են անջրանցիկ մակերևույթը գրանցել որպես տերասաներ, իսկ ըստ համաձայնեցման` նշել են հասարակական նշանակության տարածքներ»,– ասաց նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ սա պոտենցիալ հանցագործության տարրեր պարունակող հարց է։ Նա առաջարկեց հարցը լուծելու համար «Վերածնունդ» թաղամասում կառուցապատող ընկերությանն ու բնակիչներին կանչել քաղաքապետարան` քննարկման։

«Պետք է հասկանանք այս հետաքրքիր շանտաժի մեթոդը, որ մեր դեմ կիրառվում է, որովհետև, օրինակ, Երևանում շատ շենքեր կան, որ ավարտական ակտ չունեն, մարդիկ ապրում են այնտեղ տարիներով։ Բազմաթիվ խնդիրներով շենքեր կան։ Եվ ես ոնց հասկանում եմ՝ բնակիչներին չեն թողնում ապրել այնտեղ, իսկ մեզ ենթարկում են շանտաժի, թե տվեք կադաստրի ակտը, թե չէ չենք թողնելու»,- ասաց քաղաքապետը։

Նա հիշեցրեց, որ էլի դեպքեր են եղել, երբ այս մեթոդով տարբեր թաղամասերում մանկապարտեզի և դպրոցի փոխարեն շենք է կառուցվել։ Նա վստահեցրեց, որ այլևս նման բաներ թույլ չեն տալու։

«Վերածնունդ» թաղամասի կառուցապատմամբ զբաղվում է ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ն։

Նշենք, որ խոսքը «Վերածնունդ» թաղամասի 7-րդ մասնաշենքի մասին է: Մնացած 6 մասնաշենքերի ավարտական ակտերը տրված են: Այս պահին բնակիչները մնացել են երկու քարի արանքում, քանի որ կառուցապատողի եւ քաղաքապետարանի միջեւ անհամաձայնությունների պատճառով չեն կարողանում ստանալ ավարտական ակտ եւ բնակվել շենքում, որի կառուցապատումն սկսվել է դեռեւս 2019 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ