News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանը նպատակ ունի քաղաքում տնկվող ներմուծվող արժեքավոր ծառատեսակները աճեցնել Հայաստանում և դրանք համատարած տնկել Երևանում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին խնդրեց հաջորդ նիստի ժամանակ ներկայացնել համապարփակ ցուցանիշներ՝ ըստ արդյունքների, մասնավորապես, թե ինչքան ծառ է տնկվել, ինչքան է նախատեսվում տնկել և երբ են տնկվելու։

Հիշեցնենք` «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր ծառերով» ծրագիրը սկսվել է 2023 թվականից։

Այս տարվա մարտ ամսի կեսերից Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ թափով սկսվել էր ծառերի հատման գործընթացը։ Թումանյան, Ալեք Մանուկյան փողոցներում բազմաթիվ ծառեր են կտրվել, հիմնականում` թեղիներ։

Ավելի վաղ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայտնել էր, որ ձեռքբերվող ծառերի արժեքը տատանվում է 150-200 եվրոյի սահմաններում: Իսկ 10-30 եվրո արժողությամբ տնկիների ձեռքբերման և 2-3 տարի աճեցման պայմաններում ծառերը կիսով չափ էժան կնստեն Երևան քաղաքի վրա։

Տպել
Ամենաշատ