News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ: Վերջինիս մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ղեկավարում է օպերատիվ շտաբի աշխատանքները, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը և Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը:

Նիստի սկզբում վարչապետը նշել է, որ նիստի նպատակն է քննարկել Տավուշի և Լոռվա մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները կառավարելու նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի  աշխատանքի առաջին արդյունքները: «Նախ ուզում եմ կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել հեղեղումներին զոհ դարձած  քաղաքացիների ընտանիքների անդամներին, հարազատներին, բարեկամներին: Նախ կխնդրեմ, որ պարոն Սանոսյանը հակիրճ զեկույց ներկայացնի, թե այս պահին ի՞նչ ենք արձանագրել և ի՞նչ ունենք»,- նշել է վարչապետը:

Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Լոռու և Տավուշի մարզերում, հատկապես Աղստև և Դեբետ գետերի ջրամբար ավազաններում՝ իրենց վտակներով, ջրերի վարարումների հետևանքներով արձանագրվել են մի շարք ավերվածություններ: «Մասնավորապես, կարող ենք առանձնացնել հինգ գոտի, որտեղ ավերվածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը և Դիլիջանից դեպի Իջևան հատվածը: Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել: Տարբեր ենթակառուցվածքներ, մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհը, կամուրջներ, երկաթգիծը, ջրագծեր, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ և այլ ենթակառուցվածքներ:

Ալավերդի համայնքում  կան մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ 9 բնակավայր, որոնք կամուրջների վնասման հետևանքով ունեն Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր և հիմա իրականացվում են այդ բնակավայրերի տարանցիկ այլ ճանապարհների կազմակերպման և նրանց կապի հաստատման հետ կապված աշխատանքներ: Երեկ ամբողջ օրվա ընթացքում Տավուշի և Լոռու մարզերում պետական տարբեր գերատեսչություններ, մարզպետարանի, համայնքապետարանի ներկայացուցիչներ միասին փորձել են աշխատել, համակարգել աշխատանքները: 

Պետք  է ասեմ, որ երեկվա դրությամբ մոտ 105 սմ-ով Դեբեդ գետում ունենք ջրի նվազում, տարբեր այլ վտակներում 50 սմ, 70 սմ ջրի նվազում, ինչը վաղ առավոտից հեշտացրել է ափապաշտպան և այլ աշխատանքների իրականացումը: Ընդհանուր ունենք վնասված  14 կամուրջ, որոնցից  5-6-ն ավելի փոքր են, կան նաև համայնքային նշանակության ավելի փոքր կամուրջներ»,- ասել է Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ մի շարք բնակավայրեր կան, որոնք հոսանքազրկվել են, դրանց մի մասում էլեկտրաէներգիան հաջողվել է վերականգնել, բայց կան բնակավայրեր, մասնավորապես, Լոռու մարզի մոտ 2500 բնակիչ դեռևս զրկված է էլեկտրաէներգիայից, իսկ Տավուշի մարզում՝ մոտ 1000 բնակիչ: Մի շարք հատվածներում կան նաև գազամատակարարման հետ կապված խնդիրներ:

«Մենք երեկ Քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ հրավիրել ենք նաև կամուրջների կառուցման մասնագետների, ովքեր իրականացրել են այն կամուրջների զննությունները, որոնք պահպանվել են, չեն քանդվել: Սակայն փորձել ենք հասկանալ, թե դրանք ինչպիսի վիճակում են: Այսօր վաղ առավոտից մասնագետներն ուղևորվել են այն հատվածներ, որտեղ կամուրջները քանդվել են և այդ բնակավայրերի հետ կապի խնդիր կա, որպեսզի կարողանանք տեսնել, գնահատել, թե ինչ վերականգնողական աշխատանքներ կամ կարճաժամկետ միջոցներ են հնարավոր ձեռնարկել, որպեսզի կամուրջները վերականգնվեն:

Ամբողջ ընթացքում Փրկարար ծառայության աշխատակիցներն աշխատել են և իրականացրել մարդկանց տարհանում: Փրկարար ծառայությունը, մասնավորապես, 429 հայրենակիցների տարբեր հատվածներից դուրս է բերել, որոնց մեծ մասն, իհարկե, մոտ 380-ը՝ Լոռու մարզում, մնացածը՝ Տավուշի մարզում: Աշխատանքները մնացած ուղղություններով շարունակվում են: Այսօր, ինչպես նշեցի, գետերը որոշակի մակարդակով իջել են և մեզ հնարավորություն է տալիս կարգավիճակն ավելի գնահատել և աշխատանքներ տանել: Հիմա այն հինգ բնակավայրերը, որոնք գտնվում են Դեբետ գետի ձախ ափին, այդ բնակավայրերի ճանապարհն է բացվում, որպեսզի կապ հաստատենք, մնացած աշխատանքները հիմնականում ընթացքի մեջ են»,- ասել է ՏԿԵ նախարարը:

Նրա խոսքով՝ մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին, ընդհանուր մոտ 2,5 կմ: «Լուրջ վնասներ է պատճառվել և բավական ժամանակ կպահանջի երկաթուղու կապը վերականգնելու ուղղությամբ: Շատ լուրջ վնասներ է կրել Մ6 ճանապարհը, մոտ 8-9 հատվածներում ճանապարհը կամ ամբողջությամբ, կամ մասնակի քանդվել է: Լուրջ վնասներ է պատճառվել Մ4 միջպետական ճանապարհի հինգ հատվածներ,  բայց երեկ ամբողջ օրն ափապաշտպան աշխատանքները հնարավորություն տվեցին ճանապարհը թեկուզ վնասված, բայց անցանելի պահպանել: Վաղ առավոտից արդեն հնարավոր է նաև երթևեկել Այրում-Բագրատաշեն հատվածով, շատ մեծ վնասներ չկան և ճանապարհն արդեն երթևեկելի է»,- ասել է օպերատիվ շտաբի ղեկավարը:

Միաժամանակ նշվել է, որ տարհանված քաղաքացիները տեղակայվել են կամ իրենց հարազատների բնակարաններում, կամ հյուրանոցներում: 2 հղի կին բժշկական հետազոտության նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը զեկուցել է, որ 13 մարտական հաշվարկ 3 օպերատիվ խմբով ափամերձ տարածքներում իրականացնում են փրկարարական գործողություններ:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ տարհանված որևէ քաղաքացի կացարանի խնդիր չի ունեցել: «Ընդ որում, այստեղ էլ հատուկ արձանագրեցինք և տեսանք մեր ժողովրդի առանձնահատկությունը, որովհետև, ըստ էության, մեծ մասը տեղավորվել են իրենց հարազատների, բարեկամների, ծանոթների տներում»,- նշել է վարչապետը:

Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Ալավերդու համայնքապետարանում ստեղծվել է պահեստային կետ, որտեղ կուտակվել է սնունդ՝ տեղահանված անձանց կարիքները բավարարելու նպատակով: Այժմ վարչական ղեկավարների կողմից տեղի է ունենում կարիքների գնահատում, և ըստ դրա՝ կլուծվեն սննդի և մյուս խնդիրները: Նշվել է նաև, որ 50-ից ավել ավտոմեքենաներ ջրածածկ են եղել և հնարավոր է այդ թիվն ավելանա:

Վարչապետ Փաշինյան նշել է, որ նախկինում էլ Ալավերդիում և մյուս հատվածներում ջրհեղեղներ եղել են: «Պարզվեց, որ պաշտոնական արձանագրված տվյալներով՝ Տաշիրում արձանագրվել է 1972 թվականի հուլիսի 5-ին, 1983 թվականի մայիսի 18-ին: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ նախորդ երկու դեպքերում էլ ջրի ծավալներն ավելի շատ են եղել, քան երեկ արձանագրված հեղեղումը: Իսկ Դեբեդ գետի ավազանում և Ալավերդիում մի ջրհեղեղ արձանագրվել է 1959 թվականի մայիսի 19-ին և երկրորդ ջրհեղեղը՝ 1966 թվականի մայիսի 16-ին: Եվ հետաքրքիր է ուղղակի վիճակագրության համար, 1959 թվականի հեղեղումն ավելի ուժեղ է եղել, քան այժմ ունեցած հեղեղումը, իսկ 1966 թվականինը՝ ավելի թույլ է եղել:

Այս առումով մենք, իհարկե, պետք է վերլուծենք փլուզված հատվածների ինժեներական խնդիրները»,- ասել է վարչապետը:

Իր հերթին, Գնել Սանոսյանը նշել է, որ պետք է ընդհանուր վերանայել և գետերի հուներում իրականացնել մաքրման, ինչպես նաև ափապաշտպան և ամրակայման աշխատանքներ: Տեղեկացվել է նաև, որ հեղեղումների հետևանքով փլուզվել են նաև տներ և այլ օբյեկտներ:

Վարչապետը նաև հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են իրականացվելու ավերված հատվածների վերականգնում, վերականգնման կոնկրետ պլան կա՞, ընդհանրապես՝ հաշվարկ կա՞, թե քանի կիլոմետր է ավերվել ամբողջովին և քանի կիլոմետր ճանապարհ է, որ մասնակի է վնասվել:

«Միգուցե, կիլոմետրերով մեծ չեն՝ 20 մետր, 50 մետր հատվածներ են վնասված, բայց հատկապես Մ6 ճանապարհը շատ վնասվածքներ ունի՝ հաշվի առնելով, որ 3-4 հատվածներում ամբողջ ճանապարհը չկա: Ուստի ծավալներն էլ են մեծ լինելու: Ավելի հեշտ կլինի վերականգնել Մ4 ճանապարհի վնասված հատվածները՝ հաշվի առնելով, որ մասնակի են վնասումները»,- զեկուցել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և հավելել, որ Մ6 ճանապարհին իրականացվող աշխատանքները երկար ժամանակ և ռեսուրս կպահանջեն:

Վարչապետը հանձնարարել է Մ6 ճանապարհի վերականգնման հետ կապված նույնպես հրատապության սկզբունքով գործել:

Հետաքրքրվելով կտրված գյուղերի հետ կապված վիճակով՝ վարչապետը հանձնարարել է ուղղաթիռներով ապրանքների մատակարարումներ ապահովել: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կարճաժամկետ կարիքները գույքագրել և հրատապության ռեժիմով իրականացնել, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գույքագրում իրականացնել: «Բայց  ընդհանուր առմամբ, հիմա կարևոր է, որպեսզի կարողանանք վնասների օբյեկտիվ հաշվարկ իրականացնել»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը: Գնել Սանոսյանի զեկուցմամբ, բնակավայր առ բնակավայր կամ ճամփեզրին առկա շենք-շինությունների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքագրվում:

Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջազգային աջակցությունն՝ առկա խնդիրների լուծման գործում:

Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կատարված օպերատիվ աշխատանքի համար և հավելել. «Ըստ էության, ես երեկ բոլոր տեղերում եղել եմ, տեսա, որ մեր ծառայությունները, մարմինները՝ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարանները, փրկարար ծառայությունն օպերատիվ ձևով արձագանքել են, աշխատել են: Քաղաքացիների հետ շփվելուց էլ ասացի, ու իրենք էլ կիսեցին այդ տեսակետը, որ այս աղետի վնասները և հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել, բայց նաև օպերատիվ աշխատանքը, որ ուշ երեկոյից, կեսգիշերից բոլոր մարմինները ճշգրիտ ժամանակին արձագանքել են, մեզ հնարավորություն է տվել, որպեսզի հնարավորինս մեղմվի այն վնասը, որ աղետը կարող էր տալ:

Հիմա, այո, պետք է կենտրոնանանք, ինչպես պարոն Սանոսյան, երեկ հանձնարարեցի, երեք շերտի բաժանենք՝ կարճաժամկետ կարիքներ՝ արագ արձագանք, միջնաժամկետ կարիքներ և երկարաժամկետ: Պետք է հետևություններ անենք նաև մեր ճանապարհաշինական, քաղաքաշինական ստանդարտների մեջ, եթե ինչ-որ վերանայումներ պետք է անենք՝ այս աղետի հետևանքները վերլուծելով, այս աշխատանքն էլ անպայման պետք է արվի:

Իհարկե, օպերատիվ շտաբը պետք է դառնա այն կենտրոնը, որտեղ տեղեկատվությունը կենտրոնանում է և համապատասխան ձևով արդեն ձեր առաջարկներով նաև հանձնարարականներ կտրվեն, որպեսզի այդ բոլոր ուղղություններով մենք շարունակենք նաև երկարաժամկետ աշխատանքը»:

Հեղեղումների հետևանքով ներկայումս զոհերի թիվը 4 է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյանին զեկուցել են հակահամաճարակային իրավիճակը
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ...
Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում
Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին...
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
Ամենաշատ