News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի (Ost-Ausschuss) և Թյուրինգիա երկրամասի զարգացման ընկերակցության (LEG Thüringen) անդամներին՝ դոկտոր Ստեֆան Բլեխշմիդտի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ կարևորելով Հայաստանի և Գերմանիայի միջև սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով և վստահություն հայտնել պատվիրակության հայաստանյան այցի շրջանակում համագործակցության նոր ծրագրեր և պայմանավորվածություններ արձանագրելու վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանը մասնավորապես առանձնացրել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության 3 ուղղություններ, որոնցից առաջինը վերաբերում է ակադեմիական քաղաքի նախագծմանը:

«Մեր ամենառանցքային համագործակցությունն այս պահին գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության հետ է, որը մշակում է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Վերջնական տարբերակը շուտով պատրաստ կլինի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Երկրորդ ուղղությունը, ըստ նախարարի, «Մասնագիտական կրթության և ուսուցման» նոր օրենքի մշակման գործընթացն է, որն իրականացվել է նաև գերմանական փորձի հիման վրա: Երրորդ ուղղությունը գերմաներենի ուսուցման և տարածման զարգացումն է ՀՀ-ում, որի իրականացմանը մեծապես նպաստում է «Գյոթե» կենտրոնը: Նախարարը հույս է հայտնել, որ գերմաներենի տարածմանն ուղղված համատեղ ծրագրերը կընդլայնվեն:

Հանդիպմանը Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի (Ost-Ausschuss) և Թյուրինգիա երկրամասի զարգացման ընկերակցության (LEG Thüringen) անդամները հետքրքրվածություն են հայտնել Հայաստանում միջին մասնագիտական կրթական համակարգի վերաբերյալ և նախանշել Գերմանիայի վերապատրաստման կենտրոնների հետ համագործակցության հնարավորությունները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է գերմանական կողմի նախաձեռնությունը և ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումներն ու համագործակցության հնարավորությունները:

Նախարարը մասնավորապես անդրադարձել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) օգնությամբ մասնագիտական կրթության կազմակերպմանը դուալ մոդելի շրջանակում: «Դուալ կրթությունը՝ որպես սովորողների կրթական մոդուլի կարևոր բաղադրիչ և աշխատանքի վրա հիմնված ուսուցում, հնարավորություն կտա ուսանողներին հմտացած մուտք գործել աշխատաշուկա և նպաստել  տնտեսության զարգացմանը»,- ասել է նախարարը:

Աթլաս ինթերնեյշնլ գրասենյակի ներկայացուցիչը հանդիպման ընթացքում ներկայացրել է «Գերմանական բիզնես առաքելություն Հայաստանում և Վրաստանում» նախագիծը, որը միտված է զեղծարարություններից և կեղծիքից բարձր պաշտպանվածությանը թվային տիրույթում և նպատակ ունի նպաստել գործարարության զարգացմանը արտադրական, լոգիստիկ ծառայությունների լավարկմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկել նախագիծը միջին մասնագիտական կրթության համակարգում ներառելու հնարավորությունները և այդ համատեքստում համագործակցության հեռանկարները:

Տպել
Ամենաշատ