News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Կովկասը չի մտնում Ֆրանսիայի շահերի գոտում, Կովկասը համարվում է ռուսական ազդեցության գոտի: Դրա մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

«Կան այլ երկրներ ևս, որոնք տարածաշրջանում շահեր ունեն։ Դրանց թվում են Միացյալ Նահագներն ու Մեծ Բրիտանիան, որոնք լուրջ հարաբերություններ են հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և ձգտում են թուլացնել Ռուսաստանը։ Բայց արդյո՞ք ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հզորացումը, Ռուսաստանի թուլացումը բխում է Հայաստանի շահերից»,-նշում է նա։

Փափազյանի համոզմամբ՝ ԵՄ-ն, իր հերթին, ցանկանում է Թուրքիային հզորացնել կովկասյան հարցերով զբաղվելու համար։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը վստահություն հայտնեց, որ Մակրոնը ԵՄ այս դիրքորոշման հետ չի համաձայնի:

«Միևնույն ժամանակ, այսօր կա այնպիսի իրողություն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, որը լուրջ կազմակերպություն է Արևմուտքի համար։ Թուրքիան լուրջ դեր է խաղում այս դաշինքում։ Սա նույնպես պետք է հաշվի առնել: Ուստի տունը Արևմուտքին վստահելիս պետք է հաշվի առնել, որ նա հույսը դնելու է պանթյուրքիստական ​​ծրագրերը չմոռացած Թուրքիայի վրա, որը ցանկանում է դրանք իրականացնել Բաքվի հետ ձեռք-ձեռքի տված։

Բաքուն և Անկարան ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մրցակցելու համար ձգտում են Արևելքում տնտեսական և էներգետիկ շուկա ստեղծել, մինչդեռ Հայաստանը խանգարում է նրանց իրականացնել այդ նպատակը։ Սա հաշվի առնելով՝ նրանք Հայաստանում նոր իրականություն ստեղծեցին, որպեսզի իշխանությունները չխանգարեն այս երազանքն իրականացնելու իրենց ձգտմանը։ Թուրքիան ձգտելու է Հայաստանում հաստատել իր ազդեցությունը «փափուկ ուժի» կիրառմամբ։

Այս պայմաններում Հայաստանն ուզում է հաշտության պայմանագիր կնքել, բայց Ադրբեջանի գրչո՞վ։ Ինչի՞ կհանգեցնի նման պայմաններում Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը»,- ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան տեսնում են, որ ի դեմս Հայաստանի իշխանությունների, իրենց առջև թույլ բանակցող է նստած։

«Այդ դեպքում նրանք ինչո՞ւ չպետք է ձգտեն իրականացնել իրենց նպատակները։ Հայաստանին աջակցող եվրոպացի պատգամավորներից մեկն ինձ ասաց, որ հայերը չեն բանակցում, այլ միայն զիջումների են գնում Ադրբեջանին»,- եզրափակել է Փափազյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ