News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հասել է ՆԳՆ-ի դիմաց։ Շարժման մասնակիցները պահանջում են հանդիպում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։

Քիչ առաջ Բագրատ Սրբազանին մոտեցավ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը և փոխանցեց, թե Վահե Ղազարյանն այժմ հանդիպումների մեջ է և չի կարող իրենց ընդունել։

«Մեր թիրախը ներքին գործերի նախարարը չէ, մեր երկրում կա մեկը, որը խանգարում է մեր կյանքի ներդաշնակությանը, ֆիզիկական իմաստով գողանում է մեր հայրենիքը»,- ՆԳՆ դիմաց ասաց Բագրատ Սրբազանը։

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի հետ ցանկանում են հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ստանալու իրենց հարցերի պատասխանը: Սրբազանը հուսով է, որ Ղազարյանը տղամարդու պես կպահի իրեն և չի խուսափի զրույցից:

«Մեր պահանջն է, որ դուք հիմա իջնեք ներքև և այսքան ժողովրդի առջև պատասխան տաք Ձեր արածների համար»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, որն «Հայաստանը պետք է ընդունի Խոջալուում տեղի ունեցած ցեղասպանությունը, ներողություն խնդրի»։ 

«Ես շատ համոզված չեմ, որ այս մարդը, մարդիկ ներողություն չեն խնդրելու։ Շատ համոզված չեմ, նույնիսկ մինչև հիմա չեն արձագանքել։ 

Խոսք հղեմ այստեղից կառավարության այսպես կոչված ղեկավարին, նաև իր գործընկերջը. Հայաստանում դուք բանակցող կողմ չունեք, Իլհամ Ալիև, չունես, չկա, դու գերի ունես Հայաստանում, ստրուկ, ինչ թելադրում ես, ծնկաչոք կատարում է։ Հայաստանում քո գործընկերն այլևս որևէ իրավասություն՝ թե բարոյական, թե օրինակակ, չունի, դու էլ քեզ խելոք պահի, կարգին պահի, մինչև կգանք, կասենք՝ որտեղ ինչ կա»,- ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության  հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։

Այնուհետեւ նրանք Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ավտոշարասյունով եկել են Երեւան, եւ հանրապետության հրապրակում Սրբազանը հայտարարել է, որ մայիսի 29-ին ժամը 10-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք կլինի եւ կհայտարարվի անելիքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ