Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր` նոյեմբերի  20 -ին,  ցուցարարների  եւ ոստիկանության միջեւ բախումները նոր թափով են վերսկսել:

Ինչպես հաղորդում է  Associated Press-ը, Կահիրեի կենտրոնում գտնվող  Թահրիր հրապարակի տարածքում  փողոցային մարտեր են տեղի ունենում: Հարյուրավոր մարդիկ քարեր են նետում ոստիկանների վրա: Բողոքի ակցիայի մասնակիցները Զինված ուժերի գերագույն խորհրդից պահանջում են սահմանել իշախնությունը ռազմական վարչակազմից քազաքացիական կառավարությանը փոխանցելու ճշգրիտ ժամկետը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով`  նոյեմբերի 18-ից սկսված բողոքի ակցիաներին մասնակցում է ավելի քան 50 հազ. մարդ:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, նախօրեին հրապարակի տարածքում տեղի էին ունեցել 2011թ. փետրվարին իշխանափոխությունից հետո ամենադաժան բախումները:

Ցուցարարները փորձել էին մուտք գործել Եգիպտոսի ՆԳՆ, սակայն  նրանց առջախաղացումը կասեցվել էր:  Մարդկանց ցրելու ժամանակ կիրառվել էր արցունքաբեր գազ, եղել են ձերբակալվածներ, տուժել է ավելի քան 700  ցուցարար եւ ոստիկանության 40 աշխատակից: Երկու մարդ զոհվել է:

Բողոքի ակցիաների մասնակիցների թվում են իսլամիստներ, որոնք դժգոհ են Սահմանադրական խարտիայի նախագծից, որը հիմք է լինելու Եգիպտոսի հիմնական օրենքի համար: