News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի՝ թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն, հեղինակազրկում Ոստիկանությանը ու դրանով իսկ թուլացնում պետության անվտանգությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության անվտանգության կարևոր բաղադրիչ է և ունի սահմանադրական կարգավիճակ։ Այս մասին անգամ գրված է 2020թ․ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Իր հերթին Ոստիկանությունը պետության անվտանգությունն ու իրավակարգն ապահովող հենասյուներից է։

Նախ Եկեղեցու՝ իբրև կառույցի, հոգևորականների թիրախավորումը թուլացնում է պետությունը, պառակտում հասարակությունը, հրահրում է ներքին թշնամանք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։

Այս արշավն ուղղակիորեն կազմակերպում և իրականացնում է այսօրվա իշխանությունը, քանի որ դա է պահանջում նրա քաղաքական շահը. դա իշխանություն, պաշտոններ պահպանելու միջոց է։ Այսինքն՝ եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի համար օգտագործվում է Ոստիկանությունը։

Այս ամենը հասարակության մեջ ոստիկանների նկատմամբ հասկանալիորեն առաջացնում է վրդովմունք, վիրավորանքներ ու բացասական վերաբերմունք առհասարակ, ինչն էլ իր հերթին Ոստիկանությանը դարձնում է ագրեսիվ նման վերաբերմունք դրսևորող մարդկանց նկատմամբ։

Ընդ որում, այդ մարդկանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք է առաջանում նաև հասարակության այն մասի մոտ, ովքեր իշխանության աջակից են, իշխանական քարոզի զոհ կամ այլ վերաբերմունք ունեն Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այս ամենը հղի է անկանխատեսելի վտանգավոր հետևանքներով։

Ստացվում է՝ քաղաքական գործող իշխանությունն հանուն իր շահերի թուլացնում է մեր պետության անվտանգության ու ամրության հենասյուները՝ Ոստիկանությունն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես նաև հասարակության մեջ առաջանում անհանդուրժողականություն, հրահրում է ներքին թշնամանք՝ խորացնելով լարվածությունն ու պառակտումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ