News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսի 30-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Հայտնում են ՆԳՆ-ից: Նիստին մասնակցել են նաև տարբեր նախարարությունների և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ աղետների հետևանքների ավելի ճշգրիտ գնահատման և վերացման հարցում փորձագիտական կարողությունները հզորացնելու առումով ՆԳ նախարարության կողմից հայտեր են ներկայացվել՝ ակտիվացնելու Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, նաև ստանալու ՄԱԿ գրասենյակի աջակցությունը:

9 համայնքներում և 2 մարզերում արդեն ստեղծված են տարածքային և մարզային հանձնաժողովներ: Նրանք տեղում իրականացնելու են պատճառված վնասների գնահատում, կազմելու են համապատասխան ակտեր, որոնք ներկայացվելու են հանձնաժողովին։ Մասնակիցները քննարկել են առկա իրավիճակը և մատնանշել հիմնախնդիրները:

Նշվել է, որ պետք է կենտրոնանալ գնահատման միասնական ձևաչափ ստեղծելու վրա, ինչը կօժանդակի տարբեր համայնքներում միատեսակ մոտեցումներ և տեղեկատվության հավաքագրում ապահովելուն:

Հատուկ ուշադրություն է դարձվել վնասների հատուցման հետ կապված խնդիրներին և դրանց մեթոդաբանությանը: Միասնական ձևաչափի սահմանման առումով՝ որոշվել է նաև ներգրավել փորձագիտական ներուժ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ գործընթացը հուսալի տեղեկատվական բազայի վրա կառուցելու նպատակով:

Հանձնարարվել է ըստ նոր ձևաչափի շարունակել վնասի հավաքագրման և գնահատման աշխատանքները, որպեսզի համայնքային, մարզային և հանրապետական օղակներում հանձնաժողովի աշխատանքները լինեն համակարգված և փոխկապակցված, ինչի արդյունքներով էլ հանրապետական հանձնաժողովը կամփոփի և կհրապարակի տվյալները:

Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով պետությանը և համայնքներին, այդ թվում՝ պատմամշակութային արժեքներին պատճառված վնասները դիտարկվելու են առանձին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ