News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նյու Յորք նահանգի վճռաբեկ դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփը կարող է դատի տալ իր զարմուհուն՝ Մերի Թրամփին, որ վերջինիս ֆինանսական գործերը և հարկերից խուսափելու ենթադրյալ փորձերը հետաքննելու համար New York Times-ին տեղեկություններ է տրամադրել։

Ըստ Reuters  գործակալության՝ Մանհեթենի վերաքննիչ դատարանը «էական» իրավական հիմք է գտել Դոնալդ Թրամփի այն պնդման համար, որ նրա զարմուհին խախտել է իր հոր՝ Ֆրեդ Թրամփ ավագի ունեցվածքի վերաբերյալ 2001 թվականին սահմանված գաղտնիության դրույթները:

Հինգ դատավորներից կազմված կոլեգիան հայտարարել է, որ պարզ չէ՝ արդյոք Մերի Թրամփի տրամադրած տեղեկությունները գաղտնի են, և որքան ժամանակ են մտադիր դրույթները պահպանել երկու կողմերը:

«Առնվազն անվանական վնասները՝ նույնիսկ իրական վնասների բացակայության պարագայում, երբ պայմանագրային պահանջի խախտում է եղել, ենթակա է փոխհատուցման», - հայտարարել է դատարանը: Դոնալդ Թրամփը 100 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջել:

Մերի Թրամփի փաստաբանները պնդում էին, թե Դոնալդ Թրամփի հայցը խախտում է դատավարությունը դադարեցնելու մասին նահանգային օրենքը, որն ուղղված է «սառեցնելու և ճնշելու» ազատ խոսքը, ներառյալ մամուլի հետ շփումը:

Իր հերթին ԱՄՆ նախկին նախագահի փաստաբան Ալինա Հաբբան հայտարարել է, որ Թրամփը հույս ունի Մերի Թրամփին լիովին պատասխանատվության ենթարկել պայմանագրի բացահայտ խախտման համար։ Հինգշաբթի ընդունած դատավճիռը վերահաստատել է 2023 թվականի հունիսին նահանգի Գերագույն դատարանի դատավոր Ռոբերտ Ռիդի դատավճիռը:

Ռիդը միաժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի Times-ի և երեք լրագրողների նկատմամբ հայցերը, և նրան պարտավորեցրել է հունվարին վճարել 392 հազար 639 դոլար նրանց դատական ծախսերի համար: 2022 թվականի նոյեմբերին Ռիդը մերժել էր Մերի Թրամփի առանձին հայցը, որում նա մեղադրում էր իր հորեղբորը և նրա երկու եղբայրներին ու քույրերին՝ իրեն բազմամիլիոնանոց ժառանգությունից խաբեությամբ զրկելու համար:

The Times-ի ռեպորտաժը կասկածի տակ էր դրել Դոնալդ Թրամփի այն պնդումը, թե ինքն իրեն կերտած միլիարդատեր է: Հետաքննության մեջ նշվում է, որ հիմնականում 1990-ականներին «կասկածելի» հարկային սխեմաների, ներառյալ իր ընտանիքի անշարժ գույքի արժեքը թերագնահատելու արդյունքում նա հորից ստացել է 413 միլիոն դոլարին համարժեք գումար: Դոնալդ Թրամփը ժխտում է իր մեղքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ