News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիների կողմից սպանված ԼՂՀ Պաշտպանության բանակի երկու զինվորները դարձել են Ադրբեջանի «առնետային» քաղաքականության զոհը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով նոյեմբերի 19-20-ին ադրբեջանցի դիպուկահարների կողմից երկու հայ զինվորների սպանությունը:

«Այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը` շփման գծում լարվածությունը պահելու համար է», - նշեց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ Ադրբեջանին դա ձեռնտու է մի քանի պատճառներով: Ադրբեջանը ցանկանում է իր ժողովրդի ուշադրությունը մշտապես սեւեռել շփման գծի իրադարձություններին. «Բաքվի գործողությունները կոչված են սպասարկել իշխող կլանի քաղաքական շահերը», - նկատեց փորձագետը:

Արծրուն Հովհաննիսյանը համակարծիք չէ, թե Ադրբեջանը վարում է դիպուկահարների պատերազմ:

«Դիպուկահարների պատերազմի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանում ուղղակի չկան պրոֆեսիոնալ դիպուկահարներ: Նրանք երբեք չեն ունեցել պրոֆեսիոնալ դիպուկահարներ, իսկ մենք ունենք: Ադրբեջանցիների համար դիպուկահարներ են կապուտաչյա սլավոն կանայք, որոնց նրանք վարձել են: Նրանք, նունիսկ, նորմալ դիվերսանտներ չունեն: Ադրբեջանցիներն ասել են, որ պատրաստ են ամեն սպանված հայ զինվորի համար 5-6 զոհ տալ», - նշեց ռազմական փորձագետը:

Մեկնաբանելով նոյեմբերի 21-ին Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե պատասխան քայլերը կլինեն անհամաչափ` Արծրուն Հովհաննիսյանը ընդգծեծ, որ այդ պրակտիկան կիրառվել է նաեւ նախկինում: Փորձագետը չբացառեց, որ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի դիմաց թշնամին կարող է պատասխան տալ մինչեւ 10 զոհերով:

«Սակայն կա մի նրբություն. Ադրբեջանը միշտ չէ, որ հայտարարում է իր կորուստների մասին: Դուք ինքներդ կտեսնեք, որ շուտով նրանց զինուժում տեղի կունենան արտակարգ պատահարներ, ինքնասպանություններ, ՃՏՊ-ներ, կայծակը մեկին կսպանի… Դա դարձել է նախաամանորյա ադրբեջանական ավանդույթ: Որոշ ժամանակ առաջ նրանք սպանել էին հայ սպայի: Դրան հաջորդեց մեր պատասխանը: Ադրբեջանական կողմը կորցրեց 7-8 զինվորի, սակայն հաղորդեց միայն երկու զոհի մասին: Պետք է հետեւություն անել: Վստահորեն կարելի է ասել, որ սպանված 10 զինվորներից կհայտնեն միայն երկուսի մասին: Ընդ որում, դրանք կլինեն ոչ թե լեզգիններ, թալիշներ կամ այլ ազգի ներկայացուցիչներ, այլ հենց ադրբեջանցիներ», - եզրափակեց Հովհաննիսյանը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ, ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 19-ին եւ 20-ին Ադրբեջանի դիպուկահարների կողմից երկու հայ զինվորների սպանությանը` հայտարարեց, որ «այդպիսի սպանությունները չի կարելի թողնել առանց պատասխանի»:  Նա ընդգծեծ, որ Ադրբեջանին ագրեսիայի է դրդում միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունը: Ռուս փորձագետի կարծիքով, նման դեպքերում «անհամաչափ գործողություն կարող է լինել ադրբեջանական դիրքերի հրետանային հարվածը»:

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը կարծում է, որ դիպուկահարի գնդակից զոհված զինվորներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անձնական պատասխանատվության հարթությունում են:

Բեքարյանի խոսքով, այդ զոհերը Ադրբեջանի նախագահի երկարամյա միլիտարիստական հռետորության պտուղներն են: «Թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ պայմանավորվածություն էր եղել, որ դիպուկահարները հետ են քաշվելու զորքերի շփման գծից, սակայն Ալիեւը դրա համար չի ունեցել քաղաքական կամք», - նշեց Բեքարյանը:

NEWS.am-ը հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում ԼՂՀ-ից հաղորդագրություն է ստացվել ադրբեջանական կողմից բացած կրակի հետեւանքով երկու զինծառայողի մահվան մասին: Շաբաթ օրը ԼՂՀ ՊՆ-ն հայտնել էր ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Արմենի Սիմոնյանի մահվան մասին, իսկ կիրակի օրը` մահացու վիրավորվել էր ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Միհրան Արմենի Մարգարյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը տարածել է հայտարարություն` կապված ադրբեջանցի դիպուկահարների կողմից երկու հայ զինծառայողի սպանության հետ:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ «վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից եւ չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին»:

«Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,-ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Այս սպանություններից հետո հայկական ինտերնետում սպառնալիքներ են տարածվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին: «Զգուշացիր Ալիեւ, դու սպանված հայ եւ ադրբեջանցի մայրերի թիրախում ես»:

Ավելացնենք, որ Ադրբեջանի ռազմական սադրանքին նախորդել են նախագահ Ալիեւի հերթական ռազմաշունչ հայտարարությունները Գաբալայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ