News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության համագործակցությամբ հունիսի 7-ից սեպտեմբերի 20–ը կիրականացնի «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը: Այն նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Չարենցի տուն թանգարանում «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:

Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, դեռևս պատանի տարիքից հետաքրքրություն առաջացնել դեպի գիտական հետազոտությունը, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում, ամրապնդել աշակերտ-ուսուցիչ-ամառ-ընթերցանություն-գրականություն-գիտություն-թանգարան կապը: Ծրագրի կարևորությունն է յուրովի բացահայտել Չարենցի կերպարը և նրա «օգնությամբ»՝ ժամանակի մյուս մեծերի կյանքի հայտնի և անհայտ դրվագները, ստեղծագործական ժառանգությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ կրթության ոլորտը մշակույթի ռազմավարության գլխավոր ուղղություններից է, որը նաև նախարարության հիմնական առաքելությունն է: 

«Մենք ամեն կերպ ձգտում ենք ուժեղացնել կրթական ծրագրերի բաղադրիչը թանգարաններում և հենց այդ նպատակով էլ վերանայել ենք «Դպրոցական բաժանորդային համակարգ» բազմամյա ծրագիրը, որն այժմ համապատասխանեցվել է դպրոցական կրթական ծրագրին: Ստեղծել ենք նաև Մշակույթի զարգացման հիմնադրամ, որը պետք է օգնի թանգարաններին բեռնաթափել ամենօրյա այլ աշխատանքների ծավալը և կենտրոնանալ գիտակրթական նախաձեռնությունների վրա: Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրին, որը բավականին լավ արձագանքներ է ստացել անցյալ տարի, և կարծում եմ՝ այս տարի ևս դպրոցականների շրջանում կարժանանա մեծ ուշադրության: Այն հնարավորություն է ընձեռում  դպրոցականներին իրենց կյանքը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը և հորդորել բոլոր ուսուցիչներին ակտիվորեն ներգրավել դպրոցահասակներին «Չարենցյան ամառ» նախաձեռնությանը՝ պատանի տարիքից հետաքրքրություն առաջացնելով դեպի գիտական հետազոտությունը և թանգարանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ընդգծել է ընթերցանության կարևորությունը, որը խթանում և զարգացնում  է ստեղծագործական միտքը: Նա դպրոցականներին հորդորել է ընթերցել լավագույն գրքեր, մասնավորապես՝ Չարենցի ստեղծագործությունները՝ հավելելով, որ պատահական չէ ընտրված կրթամշակութային ծրագրի մասնակիցների տարիքը՝ 14-17 տարեկան. «Չարենցը, լինելով անհագ ընթերցող, հենց այս տարիքից է կարդացել հայ և համաշխարհային դասական գրականության լավագույն նմուշները, ինչն էլ ամուր հիմք է հանդիսացել մեծն պոետի անգնահատելի գրական ստեղծագործությունների ստեղծմանը: Իմ համոզմամբ՝ ուսուցիչներն ու աշակերտներն առաջին հերթին պետք է մտնեն կրթական և ստեղծագործական գաղափարների իրականացման դաշտ՝ դառնալով ակտիվ ընթերցող»:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը ներկայացրել է «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի բովանդակությունը, մանրամասները, մասնակցության ընթացակարգը: «Ծրագրի նպատակ է դպրոցականների ամառային հանգիստը ապահովել կրթական ժամանցով, միևնույն ժամանակ հետաքրքրություն առաջացնել հետազոտական, կրթական գիտական աշխատանքի հանդեպ, աջակցել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը: Ծրագրի ընթացքը բաղկացած է երեք փուլից՝ հետազոտական աշխատանք, գիտաժողով, նյութերի ժողովածուի հրատարակում: Առաջին փուլը մեկնարկում է այսօր, և ամառվա ընթացքում երեխաները հնարավորություն կունենան ուսուցիչների, ծնողների օգնությամբ ձեռնամուխ լինել այդ աշխատանքների:  Եղիշե Չարենցի տուն-թանգարանն էլ պատրաստակամություն է հայտնում՝ աջակցելու և խորհրդատվություն տալու դպրոցականներին, որովհետև հետազոտական աշխատանքը պետք է իրականացվի տեխնիկական չափորոշիչներին համապատասխան: Սեպտեմբերի 20-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն է: Հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից ընտրված հայտերի հեղինակները կմասնակցեն Ուսուցչի տոնի շրջանակում կազմակերպվող գիտաժողովին, և լավագույն նյութերը կհրատարակվեն»,- նշել է Ժաննա Մանուկյանը՝ ընդգծելով որ 2024 թվականի խորագիրն է «Չարենցը և գիրքը:

Ավանդույթի համաձայն՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը յուրաքանչյուր ծրագիր նախաձեռնելիս առաջնորդվում է բանաստեղծի պատգամներով: Վերոնշյալ ծրագիրը նրա՝ «Մանուկ ընթերցողների կոնֆերանսի» գաղափարի այլընտրանքային իրականացումն է:

Նշենք, որ ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել հղումով: Հետազոտական աշխատանքներն անհարաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը (չափորոշիչները կցվում են): Հավելյալ  տեղեկությունների համար դիմել Եղիշե Չարենցի տուն-թանգարան (հեռ.՝ 010 53 14 12):

Տպել
Ամենաշատ