News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագրատը: Միակ չիմացողը` իրենց աջակիցներն են: Ուրեմն նրանց է պետք խաբել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Մի քանի հետաքրքիր փաստ խորհրդարանական ընդդիմության այսօրվա արկածների և իրական ծրագրի մասին:

Ինչպես գիտեք, խորհրդարանական ընդդիմությունը` իր վեղարով առաջնորդով հանդերձ, հայտարարել է, որ ԱԺ հուժկու նիստ է հրավիրելու և հասնելու է կառավարության հրաժարականին:

Այդ հուժկու սպառնալիքից հետո, ընդդիմությունը ներկայացրել է ԱԺ ուղերձի նախագծով նիստ հրավիրելու առաջարկ, որը ոչ մի իրավաբանական պարտադիր ուժ չունի, եթե անգամ ընդունվի: Ուստի, ընդդիմությունը խաբել է սեփական հետևորդներին, թե այս ուղերձի քննարկումով որևէ բան է փոխվելու:

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, այսօր գումարվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստ, որտեղ ընդդիմությունը պետք է գնար և ներկայացներ իր այդքան ցանկալի ուղերձը, որից հետո հանձնաժողովը պետք է քվեարկեր կողմ կամ դեմ: Սա ընդդիմության համար վճռական պահ էր:

Հանձնաժողովի նիստը գումարվել է, և դրանից մի քանի ժամ առաջ` ըստ կարգի, պատգամավորները ծանուցվել են նիստի անցկացման ժամի մասին (նամակները առկա են):

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, հանձնաժողովի նիստ կարող է գումարվել ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, եթե հանձնաժողովի նիստը լիագումար նիստին զուգահեռ չի ընթանում: Հանձնաժողովի նիստը գումարվել է ժամը 16:00-ին` ԱԺ ընդմիջման ժամին: Կրկնում եմ` մի քանի ժամ առաջ բոլորը ծանուցվել են նիստի մասին:

Հիմա ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Ժամը 16:00-ի ընդմիջումից առաջ, երբ մենք քննարկում էինք ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագիծը, ընդդիմության պատգամավորներից ոչ ոք դահլիճում չէր: Հանկարծ, ընդմիջումից րոպեներ առաջ, անակնկալ կերպով դահլիճ է մտնում Արծվիկ Մինասյանը և գրանցվում է հարց տալու, հետո` ելույթ ունենալու համար:

Ժամը 16:00-ին հանձնաժողովի նիստը մեկնարկում է առանց Արծվիկ Մինասյանի, ով իրենց` տիեզերական կարևորության ուղերձի հիմնական զեկուցողն է, մի ուղերձի, որը, ըստ իրենց հայտարարությունների, բերելու է կառավարության հրաժարականին և «փրկելու» է բոլորին` ծայրից-ծայր:

Եվ ահա այդ վճռական պահին, Արծվիկ Մինասյանը հանկարծ որոշում է, որ պետք է վերադառնա նիստերի դահլիճ, անտեր թողնի իրենց միջմայրցամաքային ուղերձը և փոխարենը հարց և ելույթ գրանցվի` մեկ այլ օրենքի նախագծի համար:

Համաձայնեք, որ սա առնվազն տարօրինակ է: Բայց իրականում, այս փոքրիկ խորամանկությունը պետք է դառնա Արծվիկ Մինասյանի ալիբին, ուղերձի հարցով հանձնաժողովի նիստին չգնալու համար: Դրա համար նա աճապարելով վերադարձավ նիստերի դահլիճ` մեն մենակ:

Արդեն ժամը 16:30-ին` ԱԺ հայտարարությունների ժամին, մենք հայտարարում ենք, որ ընդդիմությունը չի եկել հանձնաժողովի նիստին` տապալելով սեփական այդքան կարևոր ուղերձի քննարկումը, որին մեզ հրավիրում են հենց իրենք:

Հետո, Արծվիկ Մինասյանը հայտարարում է, որ ինքը կարևոր հարց ուներ տալու այլ օրենքի նախագծի վերաբերյալ, դրա համար չի գնացել հանձնաժողովի քննարկմանը: Իսկ ավելի ուշ, Բաղրամյան պողոտայում ելույթ ունենալով` սեփական աջակիցներին մոլորեցնում է` հայտարարելով, թե իբր իրենք տեղյակ չեն եղել հանձնաժողովի նիստի մասին և նիստը ապօրինի է եղել:

Կրկնում են` նիստի ժամը ծանուցվել է մի քանի ժամ առաջ և կանոնակարգ օրենքով այն լիովին օրինական է, իսկ Արծվիկ Մինասյանն այդ մասին հրաշալի գիտի:

Հիմա ամենակարևոր հարցը` ինչու՞ է ընդդիմությունը ստում իր աջակիցներին և բոլորին:

Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագրատը: Միակ չիմացողը` իրենց աջակիցներն են: Ուրեմն նրանց է պետք խաբել:

Եվ Բագրատն ու ընդդիմությունը կիրակի օրը ծրագրում են հետևյալը` մարդկանց պետք է բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների: Բայց մինչ այդ, պետք է գործընթացը տաքացնել, որ մարդիկ մի քանի օր այնտեղ մնալու և կռիվ տալու էմոցիոնալ և լեգիտիմ առիթ ունենան: Դրամատիզմ ավելացնելու համար պետք է սկսել հետհաշվարկ` 96 ժամ:

Իսկ բովանդակությամբ իրավիճակը տաքացնելու համար պետք է նախաձեռնել իմփիչմենթի կեղծ գործընթաց, քանի որ իրական իմփիչմենթի համար անհրաժեշտ ձայներ չունեն: Կեղծ իմփիչմենթը` ուղերձն է:

Բայց այսօր ի՞նչը այնպես չգնաց այս պատմության մեջ:

Ընդդիմությունը չեր սպասում, որ ԱԺ հանձնաժողովի նիստը կնշանակվի հենց այսօր և մտածում էր, որ դեռ կարող է 96 ժամի մնացած ընթացքը օգտագործել կեղծ իմփիչմենթի փուչիկը փչելու համար:

Մենք հանձնաժողովի նիստը նշանակեցինք այսօր, որից ընդդիմությունը անակնկալի եկավ` եթե գնար նիստին, փաստարկների դաշտում ջախջախվելու էր, որից հետո իշխող խմբակցությունը դեմ էր քվեարկելու:

Այդ դեպքում փուչիկը այսօր պայթելու էր, քանի որ բոլորը հասկանալու էին, որ դեմ քվեարկությամբ կառավարող խմբակցության որոշումը ամրագրվել է: Արդյունքում, Բագրատ & CO-ն չէր կարողանալու համոզեր սեփական հետևորդներին, որ ՔՊ պատգամավորներին կարող են պարտադրել հունիսի 17-ին գալ նիստի, եթե ճնշումը ավելացնեն ու ավելի շատ մարդ հավաքեն: Իսկ հիմա կարող են ասել` մեզանից թաքուն հանձնաժողովի նիստ արեցին, վախեցան, դրա համար եկեք վաղը ավելի շատով հավաքվենք, որ ավելի շատ ճնշենք ու պարտադրենք գալ նիստին:

Նիստին, որը չի լինելու:

Պլանը սա է. այս ֆարսի միջոցով հնարավորինս շատ մարդ հավաքել Ազգային ժողովի դիմաց, բախումներ հրահրել ու ստեղծել քաոս: Եթե հաջողվի իշխանությունը զավթել, ապա կիրագործվի իրենց հայաստանյան և ոչ հայաստանյան տերերի դիվային ծրագիրը: Եթե չհաջողվի, ընդդիմությունը երեսը կփրկի` ասելով, որ ինքը նախաձեռնեց հրաժարականի գործընթաց, բայց դավաճան իշխանությունը չմիացավ դրան:

Բագրատը կասի, որ բիրտ ոստիկանությունը ճնշեց ժողովրդի կամքը:

Ընդդիմադիրները կվերադառնան ԱԺ և խելոք կծվարեն իրենց կաբինետնորում ու կմասնակցեն գործուղումներին: Բագրատը կգնա վանք ու կքնի մի բոլ: Իսկ ահա այն մարդիկ, ովքեր հավատացել էին այս ֆարսին, կմնան ձեռնունայն, հուսալքված և խաբված:

Ահա սա է ստի և կեղծիքի մեկամսյա մարաթոնի ողջ պերճանքն ու թշվառությունը»,- գրել է Կոնջորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մրցույթի արդյունքները կանխորոշված են
Երեկ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարեց, թե ունի փաստեր, որ մրցույթի արդյունքները...
«Հրապարակ». Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու
Տեր Պարթեւն այդ օրը` հուլիսի 21-ին, Գավառի Սոցիալ-կրթական կենտրոնում հաշվետու ցուցահանդեսի է մասնակցել...
«Հրապարակ». Ագրարայինի մասնաշենքը՝ Ֆրանսիական համալսարանի՞ն
Այցն իրականացվել է արձակուրդային ժամանակահատվածում, որպեսզի խուսափեն ավելորդ աղմուկից: Սակայն...
«Ժողովուրդ». Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնում
Անհասկանալի է ՀՀ վարչապետի հրամանների ժամանակագրությունը, այն է՝ 2020 թվականին Փաշինյանը օգտվում է...
«Հրապարակ». Պատգամավորներին պարտադրել են մասնակցել կուսակցության տարածքային խորհուրդների ձեւավորմանը
Բանն այն է, որ լրանում է կուսակցության կանոնադրությամբ առաջադրված տարածքային խորհուրդների երկամյա...
«Ժողովուրդ». ՔՊ-ն Գյումրիում իշխանություն վերցնելու համար ոչնչի առջև չի կանգնում. Նորից ճնշում են «Բալասանյան» դաշինքին
Այդ նպատակով բազմիցս Գյումրի են գործուղվել ՔՊ-ական պատգամավորները՝ Կարեն Սարուխանյանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ