News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հայացք նետելով հայկական գինեգործության աշխարհին՝ մենք հայտնվեցինք նորարարության և ավանդույթների խաչմերուկում: Karas Wines-ի ղեկավար Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանի և ԱՄՆ-ում Karas գինիների գլխավոր դիստրիբյուտոր Կարեն Մեյմարյանի հետ NEWS.am-ի զրույցը մեզ համար կբացահայտի գինեգործության պատմության հաջողության և գինու հայրենիքից դեպի ԱՄՆ դրա ճանապարհորդության մասին։

хулиана1.jpg (30 KB)

Խուլիանան իր պատմությունը սկսում է 20-րդ դարասկզբի դժվար ժամանակների հիշողություններով, երբ նրա ընտանիքը, ինչպես շատ հայ ընտանիքներ, ստիպված եղավ փախչել Հայաստանից՝ Ցեղասպանությունից փրկվելու համար և ապաստան գտավ Արգենտինայում: 1990-ականների սկզբին Հայաստան վերադառնալու հնարավորություն Խուլիանայի պապի համար բացվեց ԽՍՀՄ փլուզումից հետո։ Նա և իր եղբայր Էդուարդոն սկսեցին մտածել, թե ինչպես կարող են իրենց նպաստն ունենալ հայրենիքի վերականգնման գործում։ Այսպիսով, մեկ տասնամյակ անց Հայաստանում հայտնվեց Նոյի պատմությունից և վեհաշուք Արարատի փեշերին խաղողի առաջին որթատունկից ոգեշնչված գինու գործարանը՝ Karas-ը, որը նշանավորեց հայկական գինեգործության վերածննդի սկիզբը։

Karas՝ ընտանեկան երազանք՝ սկզբունքներով

Karas գինու գործարանի հիմնադրման պատմությունը վկայում է, որ մենք մշտապես ձգտում ենք հայկական գինու շուկայում հասնել գերազանցության և իրականացնել նորարարություններ: Այն պահից, երբ 2000-ականների սկզբին պապս՝Էդուարդո Էռնեկյանը, սկսեց Արարատյան դաշտում խաղողագործությամբ զբաղվել, մեր ընտանիքը երազում էր արտադրել համաշխարհային կարգի գինիներ, որոնք արտացոլում են Հայաստանի եզակի տերուարը:

хулиана3.jpg (37 KB)

Մեր ընտանիքի առաքելությունն էր վերադառնալ գինեգործության ավանդույթներին, երբ այդ ոլորտը մոռացության էր մատնվել, և Հայաստանը գինեգործության առումով արժեքավոր տարածաշրջան դարձնել: Ձեռնարկատիրական այս ոգին և մեր ունեցած փորձը մեզ օգնեցին ավելի շատ բան հասկանալու և գնահատելու այս հինավուրց հողի յուրահատկությունը՝ օգտագործելով այն մեր օգտին և դրա շնորհիվ մենք դարձանք հայկական գինեգործության վերածննդի առաջամարտիկ: Ավանդույթներին մեր նվիրվածությունը՝ զուգորդված նորարարական մտածողության հետ, մեզ հնարավորություն է տվել Հայաստանին ճանաչելի դարձնել գինեգործության համաշխարհային շուկայում՝ ցուցադրելով նրա գինեգործական հարուստ ժառանգությունն ու հսկայական ներուժը՝ որպես զարգացող գինեգործական տարածաշրջան:

Տերուարի եզակի բնութագրերը և 450 հա խաղողի այգիների խնամքը

Մեր գինու գործարանի խաղողի այգիները գտնվում են ապշեցուցիչ գեղեցիկ Արարատյան դաշտում, այն վայրում, ուր, ըստ Աստվածաշնչի, ոտք է դրել Նոյը և տնկել խաղողի առաջին որթը: Այս եզակի տերուարը, որը բնութագրվում է մեծ  բարձրությամբ (ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1000 մետր), առանձնանում է իր հրաբխային հողերով և մայրցամաքային կլիմայով, ինչը մեր խաղողին տալիս է յուրահատուկ հատկություններ: Արևի առատ լույսի, չափավոր տեղումների և լեռնային զով օդի համադրությունը գերազանց պայմաններ է ստեղծում հարուստ բույրով և համով բարձրորակ խաղող աճեցնելու համար:

виноградник4.jpg (43 KB)

Մեր գինու գործարանի գլխավոր առաջնահերթություններն են խաղողի այգիների խնամքը և բարձրորակ բերքի ապահովումը: Բացի հողի մանրակրկիտ մելիորացիայից՝ ողջ սեզոնի ընթացքում օգտագործում ենք խաղողի վազի խնամքի տարատեսակ մեթոդներ, ներառյալ մանրակրկիտ էտը, աճի վերահսկումը և հողի խնամքը: Փորձառու խաղողագործների թիմը ուշադիր հետևում է 450 հեկտար տարածությամբ խաղողի հսկայական այգու յուրաքանչյուր վազի վիճակին՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ և ավանդական մեթոդներ խաղողի աճեցման գործընթացն օպտիմալացնելու համար:

Այստեղ աճեցվում են ինչպես եվրոպական հեղինակավոր սորտեր, ինչպիսիք են շարդոնեն, սիրան, մալբեկը, այնպես էլ տեղածին հայկական սորտեր, այդ թվում՝ կանգուն, արենի և սիրենի (խնդողնի)։ Տարբեր սորտերի այս համադրությունը մեզ հնարավորություն է տալիս ստեղծելու համերի և բույրերի լայն տեսականիով գինիներ՝ բավարարելով մեր սպառողների ամենաբարդ ճաշակները:

виноградник1.jpg (66 KB)

Բացի դրանից՝ մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական կողմին․ օգտագործվում են օրգանական և կենսադինամիկ մեթոդներ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու և հողի երկարաժամկետ առողջությունն ապահովելու համար:

Գինեգործության փիլիսոփայություն՝ հիմնված ավանդույթի և ժամանակակից տեխնոլոգիաների ներդաշնակության վրա

Մենք համոզված ենք, որ բարձրակարգ գինիներ ստեղծելու արվեստը գինեգործության ավանդական մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդաշնակ համադրման մեջ է: Աշխատելով այս սկզբունքով՝ մենք մեր դաշտերից ձեռքով հավաքում ենք խաղողի լավագույն տեսակները՝ ապահովելով, որ դրանք ունենան հասունության օպտիմալ աստիճան, որպեսզի պահպանվեն դրանց բնական համն ու բույրը: Գինեգործության մեր ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս ճշգրիտ վերահսկել գործընթացի բոլոր փուլերը՝ սկսած ավանդական կարասներում խմորումից մինչև կաղնե տակառներում հնացում: Անհրաժեշտ է կատարելության հասցնել յուրաքանչյուր քայլ՝ ընդգծելու մեր խաղողի եզակի հատկությունները և ստեղծելու բացառիկ որակի գինիներ:

виноградник2.jpg (68 KB)

Մեր գինիների տարբերակիչ առանձնահատկություններն ու համը մեծապես պայմանավորված են էկոլոգիական և Արարատյան դաշտին բնորոշ տեղական գործոններով: Հրաբխային հողը խաղողին տալիս է հանքային հարուստ երանգներ, մինչդեռ մայրցամաքային կլիման ստեղծում է օպտիմալ պայմաններ հասունացման համար: 

карас.jpg (58 KB)

Մեր խաղողի այգիների դիրքը զգալի բարձրության վրա՝ լեռնային զով օդի հետ միասին, նպաստում են ընդգծված թթվայնությամբ և բազմաշերտ համով խաղողի ձևավորմանը։ Ավելին, էկոլոգիապես կայուն գյուղատնտեսական մեթոդներ կիրառելու Karas-ի հանձնառությունը երաշխավորում է խաղողի այգիների համակեցությունը շրջակա միջավայրի հետ, ինչը, իր հերթին, թույլ է տալիս դրանց փոխանցել հայկական տերուարի եզակի առանձնահատկությունները՝ գինու յուրաքանչյուր կաթիլում:

земля.jpg (58 KB)

Հայկական գինեգործության վերածննդից մինչև միջազգային ճանաչում

Համաշխարհային շուկայում մեր հաջողությունը պայմանավորված է որակի, հետևողականության և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ մեր անսասան նվիրվածությամբ․ մենք ձգտում ենք Հայաստանից գինիներ մատակարարել ամբողջ աշխարհում: Գինեգործության գործընթացում մեր յուրաքանչյուր քայլ՝ խաղողի այգիների խնամքից մինչև շշալցում, խնամքով մշակված է, որպեսզի մեր արտադրանքը համապատասխանի ամենաբարձր չափանիշներին: Մենք նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում նորարարություններին և շարունակական կատարելագործմանը, որպեսզի մեկ քայլ առաջ լինենք և հարմարվենք շուկայի փոփոխվող կարիքներին: Այսպիսով, հավատարիմ մնալով մեր արժեքներին և ընկալելով հայկական գինեգործության յուրահատուկ առանձնահատկությունները՝ մենք կարողացանք Karas-ը միջազգայնորեն ճանաչված ապրանքանիշ դարձնել։

виноградник5.jpg (45 KB)

Ամերիկյան շուկայում մեր ամուր դիրքը ծառայում է որպես բարձր մրցակցային միջավայրում հայկական արտադրանքի որակի և գրավչության վառ ապացույց: Հաջողությունը սպառողների հետ ամուր կապեր հաստատելու ունակության մեջ է, երբ նրանց պատմում ենք Հայաստանի գինեգործական ժառանգության և Արարատյան դաշտի` որպես գինեգործական տարածաշրջանի եզակի առանձնահատկությունների մասին: Կրթելուն և իրազեկող արշավներին կարևորություն տալով` մենք կարողացանք շահել գինու սիրահարների հավատարմությունը, որոնք արտադրության մեջ գնահատում են իսկականը և վարպետությունը:

виноградник6.jpg (44 KB)

ԱՄՆ-ում Karas գինիների բացառիկ դիստրիբյուտոր Fat & Happy Beverages-ի գործադիր տնօրեն Կարեն Մեյմարյանը պատմում է այն մասին, թե ինչպես Karas-ի գինիներն սկսեցին նվաճել ամերիկյան շուկան և ինչպես ճանաչում և պահանջարկ ձեռք բերեցին գինու օտարերկրյա գիտակների շրջանում:

карен1.jpg (56 KB)

Հայկական գինիների առաջնորդող աստղն ԱՄՆ-ում

Karas ընկերության շնորհիվ հայկական գինիներն առանձնահատուկ ճանաչում են գտել Միացյալ Նահանգներում և ամեն օր շարունակում են գրավել օտարերկրյա սպառողների հագեցած սրտերը՝ համաշխարհային գինեգործության ոլորտում աստիճանաբար ամրապնդելով Հայաստանի դիրքերը որպես լուրջ խաղացող:

виноградник8.jpg (41 KB)

Հարկ է նշել, որ մեր գործում անհրաժեշտ է հետևել խաղի բազմաթիվ կանոնների, որոնք տարածվում են նաև հայկական գինու շուկայի վրա․ բարելավել ինչպես հայկական գինիների որակը, այնպես էլ ավելացնել դրա քանակը, տեղական արտադրողների կողմից արտաքին շուկայի նկատմամբ աճող պահանջարկը, հայկական գինիների դիստրիբյուտորների հետաքրքրությունը ամերիկյան հատվածի նկատմամբ, ինչպես նաև ամերիկյան սպառողների հսկայական ուշադրությունը հայկական գինիների նկատմամբ։ Բացի դրանից՝ երբ ստանում ես և առավել ևս, խանութների վաճառադարակների վրա ներկայացնում ես «համաշխարհային որակի» կարգավիճակ ունեցող գինի, ապա, իհարկե, ինչքան առաջ ես գնում, այնքան ավելի ու ավելի շատ են պահանջները, և նույնքան խիստ է դառնում ընտրությունը։

Ապրանքանիշի ընդլայնման ռազմավարություն. դեպի առաջնորդություն և համագործակցություն տանող ուղի

Ներկայումս մենք ԱՄՆ-ում Karas-ի բացառիկ դիստրիբյուտորներն ենք: Մեր նպատակն է կառուցել հուսալի և մրցունակ բիզնես, որը կհամապատասխանի ամերիկյան շուկայի պահանջներին: Եվ մենք բավական հաջող ենք կատարում այդ առաջադրանքը՝ ոգեշնչված այն փաստից, որ ստեղծում ենք հայկական գինեգործության պատմությունը։ Մեր վերջին ձեռքբերումներից է նաև այն, որ մենք ԱՄՆ-ի ամենահայտնի խանութների ցանցերից մեկի կողմից ճանաչվել և հասնել ենք մեկ այլ կարևոր հանգրվանի՝ մեր Karas գինիները հայտնվել են այս կարևոր շուկայում գործող խանութների ամենապահանջված վաճառադարակների վրա։

виноградник9.jpg (15 KB)

Այսպիսով, ԱՄՆ-ի մեծ քարտեզի վրա մենք ընտրեցինք Կալիֆոռնիան՝ որպես ապրանքանիշ ստեղծելու ելակետ։ Եվ հավատացե՛ք, որ դա իմաստ ունի՝ հաշվի առնելով դրա խիտ բնակչությունը և տնտեսական նշանակությունը որպես ամենամեծ նահանգներից մեկը: Միևնույն ժամանակ, մեր թիմը մշտապես աշխատում է ընդլայնելու մեր ներկայությունը Միացյալ Նահանգներում` ավելացնելով մանրածախ առևտրի վայրերը և խանութները, որտեղ ներկայացված է մեր արտադրանքը: Մենք այնպես ենք աշխատում, որ ԱՄՆ-ում չմրցակցենք հայկական այլ ապրանքանիշների հետ։ Ընդհակառակը, մեր նպատակն է համախմբվել մեր հայրենակիցների հետ և ընդհանուր ջանքերով բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը, մնալով հայկական գինեգործության վերածննդի առաջամարտիկ։ Այս մոտեցումը թույլ է տալիս Karas-ին առաջատար դիրք գրավել շուկայում և բարձրացնել մեր սեգմենտի ճանաչելիությունը, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել մրցակցության արևելաեվրոպական ապրանքանիշների կամ այլ երկրների հետ, որոնք ավանդաբար զբաղվում են գինեգործությամբ։

Ինչպե՞ս գրավիչ դառնալ օտար սպառողների համար

Այսպիսով, ինչո՞վ է Karas-ն առանձնանում վաճառադարակներին ներկայացված այլ գինիների շարքում և ինչո՞վ է այն այդքան հետաքրքիր արտասահմանում գտնվող մեր սպառողների համար։ Կան մի քանի որոշիչ գործոններ:

виноградник7.jpg (56 KB)

Նախ՝ դա ապրանքանիշի պատմությունն է, որը ներկայացնում է Հայաստանի գինեգործական հարուստ ժառանգությունը և վերադարձը համաշխարհային ճանաչման՝ որակին և նորարարությանը հավատարմության շնորհիվ:

Երկրորդ՝ պրոֆեսիոնալների թիմը, որ կանգնած է գինու յուրաքանչյուր կաթիլի ստեղծման հետևում։ Եվ խոսքը միայն գինու արտադրությամբ զբաղվող մարդկանց մասին չէ, այլ իսկական խանդավառների և մասնագետների, որոնք ձգտում են ամեն բաժակում արտահայտել հայկական տերուարի յուրօրինակ հատկությունները։

виноградник10.jpg (40 KB)

Եվ, վերջապես, դա ընկերության տեսլականն է՝ ստեղծել համաշխարհային դասի գինիներ, որոնք արտացոլում են Հայաստանի ոգին և իսկությունը: Այս տեսլականը ներառում է ոչ միայն որակյալ գինիների արտադրություն, այլև հավատարմությունը էկոլոգիապես մաքուր գործելակերպին և Հայաստանի և մնացած աշխարհի միջև կամուրջներ կառուցելու ցանկությունը:

Այսօր մեր միջնաժամկետ նպատակն այն է, որ մեր արտադրանքը ներկայացված լինի Կալիֆոռնիայի բոլոր խոշոր առևտրի կենտրոններում, մեր արտադրանքը ներկայացնենք տեղի հաճախորդներին և համոզենք ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին, որ մեր հայրենիքի արտադրանքը որակով և ճանաչվածությամբ չի զիջում համաշխարհային ապրանքանիշներին և միևնույն ժամանակ ունի իր սեփական, տարբերակիչ առանձնահատկությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 12-ին, կազմել է…
«Էյր Արաբիա»-ն Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնում
«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին...
Ֆիզիկական անձանց 2023 թ. եկամտահարկի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 22-ն է. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆիզիկական...
ՏԿԵ փոխնախարարը և «Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցիչները քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը
Կողմերը քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս...
Բոլոր չինական ընկերություններին Հայաստանից «պասլատ ա անում» Ավինյանը, որը Արեւմուտքի մարդն է. Բագրատյան
Դեռեւս 2014-ին Չինաստանն առաջարկեց Հյուսիս-Հարավը սարքել. մենք 1 մլրդ դոլար…
Դոլար փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 11-ին, կազմել է…
Ամենաշատ