News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը


ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր հարցը վարչպետ Նիկոլ Փաշինյանին տարօրինակ ձեւով սկսեց:

Նա, մասնավորապես, ասաց. «Խոսեմ հետդ, մենակ մարդ ես, գիտեմ՝ նենց չի, որ խառնվել ես իրար, մտածում ես, թե հիմա  ինչ անես: Արածիցդ հետեւություններ արա: Մտածում ես, որ սա ինչ-որ մարդկանց արած է, որ եթե դրսում 20 հազար մարդ է, ոչ թե 200 հազար, ուրեմն ամեն ինչ դու ճիշտ ես անում: Գիտես, երեւի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում՝ անկախ նրանից գնում են միտինգի, թե ոչ, ալվ են ապրում, թե վատ: Չեն սիրում, ուզում են, որ գնաս: Նույնիսկ կողքիններդ հոգնել են, հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից:

Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գան, պետք է կարողանան կանգ առնել: Խաղամոլներն ու խելագարները չեն կարողանում կանգ առնել: Իմացիր, ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, դու քեզ տրամադրի գնալուն:

Այս տեքստը Ալեն Սիմոնյանն է գրել, մի երկու բառ եմ փոխել, ուրիշի է գրել, բայց այսօր ճիշտ քո մասին է: Էս դու, էս Ալենը, պատասխանիր»:

Ալեն Սիմոնյանը հարցրեց՝ հարցն ում է ուղղված, ինչին Աղվան Վարդանյանն ասաց՝ «Արդեն ոտքի է կանգնել»՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շնորհակալ եմ տեքստի համար եւ շնորհակալ եմ նաեւ տեղեկատվության համար: Դուք նշեցիք, որ այդ տեքստի հեղինակը Ալեն Սիմոնյանն է եւ դուք մի քիչ փոփոխություններ եք արել: Քանի՞ տոկոս եք փոփոխություն արել: Այլ տոկոսների հետ պետք չի խաղ անել, որովհետեւ եթե դուք 1-2 տոկոս փոփոխություն եք արել տեքստի մեջ եւ համարում եք, որ մեծ չի փոփոխությունը, ուզում եմ հիշեցնել, որ մարդու եւ օրագուտանգ պակիկի ԴՆԹ-ի տարբերությունն ընդամենը 2 տոկոս է: Ձեր տեքստում այդ չնչին փոփոխությունները շատ էական բանի մասին են: Այն մարդու մասին, որի մասին գրել է Ալեն Սիմոնյանը, այդ տեքստի մեջ հեծանիվ չէր կարող լինել: Իհարկե, կազինոն շատ դիպուկ շեղում էր:

Ինչ վերաբերում է նրան, որ ինձ սիրում են, թե չեն սիրում, կարեւորն այն է, որ ես եմ իրենց սիրում, կարեւորն այն է, որ ես սիրում եմ նաեւ բոլոր ինձ չսիրողներին: Նման իրավունք ինձ տալիս է մի քաղաքական երեւույթ, որը կոչվում է լեգիտիմություն»:

Աղվան Վարդանյանը նշեց, որ այլ պատասխան չէր սպասում. «Խորհուրդ, որ գանք տուն, հայելի վերցրեք, նայեք, եւ այդ տոկոսների տարբերությունը կարծում եմ՝ կգտնեք: Հիշո՞ւմ եք՝ ոնց եք եկել իշխանության: Ասեք, թող դարպասները բացեն, քայլելով իջի ժողովրդի մեջները, ասա, որ սիրում ես, խոնարհվում ես, հպարտանում ես: Պարոն ՆԳ նախարար, քանի՞ ոստիկան կա այստեղ: Նորմալ մարդը գետինը կմտներ, բայց սա էդ դեպքը չի: Բայց ես գիտեմ՝ հողն ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունի»,- ասաց Վարդանյանը։

Փաշինյանն արձագանքեց. «Ես ոնց եկել եմ իշխանության, նենց էլ մնում եմ իշխանության»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ