News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


Այդ ո՞ր իրական Հայաստանում է, որ գյուղը կարող է կիսվել երկու մասին, դպրոցից մի քանի մետրի վրա պետք է կանգնի Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատը: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Էդ իրական Հայաստանում է, որ ձեր անվտանգությունը պետք է ապահովեն ծառերը: Մինչդեռ ձեր իրական Հայաստանում ձեր անվտանգությունն ապահովում են հազարավոր ոստիկանական ուժեր, ԱԱԾ ուժեր, փրկրարար ծառայության աշխատակիցներ: Կիրանցում տնից հանում են ու ասում են՝ եթե խելոք չմնաս, կարմիր բերետներով քեզ քո տնից կհանեն: Դա է իրական Հայաստանը: Կիրանցուն ասում են, եթե ցույց անեք, Ադրբեջանը կջղայնանա, Ալիեւը ավելի մեծ պահանջներ կներկայացնի: Այդ իրական Հայաստանն է, որտեղ ԱԳ նախարարը տարիներ շարունակ ասել է՝ նավոդկա եք տալիս, սուտ եք խոսում, մենք մեկ մմ չենք հանձնելու, հետո գյուղեր եք կիսել, առաջնագիծ եք հանձնել:

Իրական Հայաստանում դրսում հավաքված են մարդիկ, որոնք հավատում էին, որ քացով պետք է դուռը բացեն: Էդ հավատացողներից մեկն էլ ես եմ եղել, որ այդ իրականությունը փոխվելու է, բայց այդ իրականությունը կա»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեր պատկերացումներն իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ սահմանազատված հատվածում ՀՀ ինքնիշխան տարածքում ոչ մի օտարերկրյա ներկայացուցիչ չկա»:

Նա ցույց տվեց Տավուշի հատվածում Հայաստանի թղթե քարտեզը. «Դպրոցով չի որոշվում երկրի տարածքը, որոշվում է պետական սահմանով:

Դուք ժամանակին հարց էիք տալիս, թե ոնց կլինի, որ 7-ր դարի եկեղեցին մի քան մետր այն կողմ լինի Ադրբեջան, ես էլ հարցրի՝ ո՞նց կլինի, որ Խոր Վիրապի եկեղեցուց մի քանի մետր այն կողմ լինի Թուրքիա:

Ինչ վերաբերում է ծառերին, հերիք է այդ թեման շահարկեք: Ես երբեք չեմ ասել, որ ծառերն անվտանգություն են ապահովելու: Այնտեղ մարդիկ հարց են տվել, որ երեխաները կարող են այդ տեսարանից հոգեբանական խնդիր ունենալ: Խոսքը եղել է տեսարանի մասին, ես էլ ասել եմ, որ տեսարանը փակելու համար կարելի է ծառ տնկել: Անվտանգության մասին չի եղել խոսքը: Անվտանգությունն ապահովում է դելիմիտացված սահմանը: Ես ձեզ երաշխավորում եմ, որ Կիրանցը հիմա անվտանգ է, քան երբեւէ: Ես դրանում համոզված եմ»,-ասաց Փաշինյանը:

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց. Դուք չեք հասկացել, որ այս զիջումների շղթան դադարեցնելու միակ լուծումը ձեր հեռացումն է իշխանությունից: Միգուցե նոր հնարավորություններ ու նոր հորիզոններ բացվեն: Իսկ դուք ասում եք՝ լուծում չկա, լուծումը միայն զիջումն է»;

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ձեր խոսքի բանալի բառը «միգուցե»-ն է: Ասում եք՝ միակ ճանապարհն այն է, որ դուք հեռանաք, միգուցե նոր հնարավորություններ կբացվեն:

Այսինքն՝ ձեզ համար պետության կառավարումը կազինոյի նման է, սենց պտտում ենք, ասում ենք՝ միգուցե կլինի կարմիր 26, միգուցե: Այսինքն՝ ձեզ համար պետությունը ռուլետկա՞ է: Ես հասկանում եմ, որ ընդդիմության շարքերում կազինոյային տրամաբանությունը շատ մեծ տարածվածություն ունի: Միգուցե, իսկ միգուցե՝ ոչ, իսկ միգուցե դուք սխալվում եք, միգուցե, այնուամենայնիվ, իրականության ձեր ընկալումը այլ է»,- նկատեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ