News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա  են իրականացնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարչժման աջակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, իրավիճակը ինչ-որ պահի լարվեց:

Մինչ այդ Բագրատ Սրբազանն իր խոսքում ասաց. «Խուլիգաններ, մարդկանց ծեծում, նվաստացնում, հայհոյո՞ւմ եք: Սա՞ է ձեր պատիվը»:

Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ վիճաբանություն սկսվեց, ոստիկաններին դուր չէր եկել Սրբազանի խոսքը, որտեղ նա ոստիկանների հասցեին ասել էր՝ «վերից վար խուլիգան են»:

«Ամենամեծ խուլիգանն ինքն է: Եթե մարդկանց ծեծել են, դրա հետ կապված վարույթ կլինի, քննություն կլինի, իսկ ինքը թող ինքնակամ կանխակալ որոշումներ չկայացնի: Ինքը ինչքան իրեն սենց պահեց, սենց ա լինելու»,-ասաց պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Արթուր Սարգսյանն նկատեց, որ Բագրատ Սրբազանն այցելել է վիրավորներին, այդ թվում ոստիկաններին եւ ճիշտ կլիներ, որ ոստիկանության ղեկավարությունն այցելեր տուժած քաղաքացիներին:

Խուդինյանն արձագանքեց. «Տեսել ենք, ոնց է այցելել ու տեսել: Ասում է՝ կարո՞ղ ա քարն ա կպել, կարո՞ղ ա գլուխդ պատին ես խփել: Ոստիկաններին մի վիրավորեք: 17 հոգի էլ ոստիկան է վիրավորվել»:

Այդ պահին մոտեցավ Բագրատ Սրբազանը եւ Արթուր Սարգսյանին ասաց՝ «Սրանց հետ ինչի՞ ես խոսում»:

Երբ Խուդինյանն ասաց. «Սրանց չի», Սրբազանն արձագանքեց. «Լավ եմ անում, դուք մարդուն ծեծել, ստորացրել եք»:

Իրավիճակը լարվեց, բոլորը գոռգոռում էին:

Ոստիկաններից մեկը Սրբազանին մեղադրեց իրավիճակը լարելու, հրհրելու մեջ, ինչին նա պատասխանեց. «Լավ եմ անում, դուք մարդկանց ծեծել, ստորացրել եք»:

Ի վերջո, Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները հետ քաշվեցին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ