News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Ես ուզում եմ ասել, որ դատական իշխանությունը և դատավորները գնահատական կտան այդ բոլոր գործողություններին, եթե այդ գործողությունների հետ կապված գործերը հասնեն դատարան։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին,ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկ Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ որքանով էին համաչափ և իրավաչափ ոստիկանների գործողությունները։

«Վստահ եմ, որ դատավորները և դատական իշխանությունը կտան շատ խիստ և շատ օրինական գնահատականներ։Եթե նույնիսկ լինեն մեկ-երկու դատական վճիռներ, որոնք չգոհացնեն, վստահ եմ՝ բողոքարկվելու դեպքում դրանք նույնպես կլինեն օրինական, և բոլոր այն քաղաքացիները, անկախ նրանից՝ ինչ քաղաքական դիրքորոշման են կամ ինչ պաշտոն են զբաղեցնում, կամ ինչ գործողություն են արել, ովքեր խախտել են օրենքը, վստահաբար, դատական իշխանության կողմից կստանան արդարացի վճիռներ և արդարացի պատասխանատվություն»,- նշեց նա։

«Ցանկացած  քաղաքացի, ում իրավունքները խախտվել են, այսօր ունի հնարավորություն՝ դատարանում արդար ձևով պաշտպանվելու: Չուներ երեկ, չուներ երեկ չէ առաջին օրը, կունենա այսօր ու վաղը: Հուսամ, որ մարդիկ երեկն ու առաջին օրը բառացի չեն հասկանա: Վստահաբար կարող եմ ասել, որ դատական իշխանությունը օր օրի առողջանում է, և մենք ունենում ենք տարբեր վճիռներ՝ քաղաքական տարբեր քիմքերի համար հաճելի և տհաճ»,-հավելեց ԲԴԽ նախագահը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան

 

Տպել
Ամենաշատ