News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները ենթադրում են, որ Երկիր մոլորակին հարվածում են մութ մատերիայի ալիքները՝ անորսալի նյութ, որը, ինչպես ենթադրում են, կազմում է Տիեզերքի 27 տոկոսը:

Գիտա​​հաղորդակցության մասնագետ Փոլ Սաթերը Live Science-ի հոդվածում պատմում է, որ եվրոպացի հետազոտողները դեռևս չհրապարակված հոդվածում պնդում են, որ Երկրի իոնոսֆերայում, որտեղ արևը իոնացնում է ատոմները՝ ձևավորելով պլազմա,   ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթներ առաջացնող մթնոլորտի վերին հատվածում հայտնաբերված ռադիոալիքները, ըստ ամենայնի, մութ մատերիայի մասնիկների փոխազդեցության հետևանք են, և, հետևաբար, հիանալի վայր է սպրդող նյութը որսալու համար:

Տարիների ընթացքում գիտնականները մութ մատերիայի դերում մի քանի թեկնածուներ են առաջադրել, դրանց թվում՝ «թույլ փոխազդող զանգվածային մասնիկներ» (WIMP) կոչվող չափազանց զանգվածեղ մասնիկները կամ «աքսիոններ» (axion) կոչվող չափազանց թեթև մասնիկները:

«Աքսիոնների անսովոր թեթևության շնորհիվ այս հիպոթետիկ մասնիկները, թերևս, ավելի շուտ կարող էին գործել իբրև տիեզերքում տարածվող մեծ ալիքներ», - պարզաբանում է Սաթերը: Ըստ գիտնականի՝ դա նաև չափազանց կդժվարացներ նրանց հետևելը:

Բուն մասնիկները որսալու փոխարեն՝ գիտնականները վաղուց առաջարկել են ցանկացած փոխազդեցություն փնտրել նրանց շրջապատող այլ նյութերի, դրանց թվում՝ ուժեղ լիցքավորված մասնիկներից կազմված պլազմայի հետ:

Ներկայում Ժնևի համալսարանի և Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (CERN) հետազոտողների թիմը, որը էկզոտիկ մասնիկների մեր որսի առաջնագծում է, առաջարկում է նոր վայր, որտեղ կարող ենք նայել՝ Երկրի իոնոսֆերան:

Սաթերը նշում է, որ հետազոտելով՝ ինչպես են «հիպոթետիկ մութ մատերիայի ալիքները» փոխազդում իոնացված մասնիկների հետ, իրենք կարող են մի փոքր քայլ անել՝ աստղաֆիզիկոսների առջև ծառացած ամենամեծ առեղծվածներից մեկի պատասխանին մոտենալու ճանապարհին:

«Գեներացված ռադիոալիքներին ուղղված էլեկտրական փոքր դիպոլային ալեհավաքը, համապատասխան զանգվածի միջակայքում, թերևս, կարող է մեծության աստիճաններով ավելի զգայուն լինել մութ ֆոտոնների և աքսիոնանման մութ մատերիայի մասնիկների նկատմամբ», - գրում են հետազոտողները: Ավելին, իոնոսֆերան մեզ շատ մոտ է, ինչը նրան մութ մատերիան որսալու գայթակղիչ վայր է դարձնում։

«Մութ մատերիայի սույն ձևը վերին աստիճանի տեսական է, և այդ ռադիոալիքները փնտրող դիտարկման տեխնիկան կատարելագործելու համար տարիներ, եթե ոչ տասնամյակներ կպահանջվեն», - եզրափակել է Սաթերը: «Բայց եթե այն արդյունավետ լինի, դա կդառնա ոսկե երակ, ինչը հնարավորություն կընձեռի մեզ ուսումնասիրել Տիեզերքի ամենաառեղծվածային տարրերից մեկը հենց մեր տիեզերական թռիչքի շեմին»,-նշել է գիտնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ