News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանում, որին մասնակցում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ։   

Ներկայացնելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը՝ նախարար Մկրտչյանն այս համատեքստում ընդգծել է քաղաքացիների արժանապատիվ ու կայուն աշխատանքով ապահովման կարևորությունը։

Իր ելույթում նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել նաև ԱՄԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության դերը՝ շեշտելով, որ համաժողովը ևս մեկ հնարավորություն է՝ քննարկելու ոլորտային աշխատանքներն ու մարտահրավերները՝ աշխատանքային իրավունքների խթանման, կայուն զբաղվածության ապահովման, արժանապատիվ աշխատանքի և աղքատության դեմ պայքարի ուղղություններով։

«Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով ստանձնած միջազգային պարտավորություններին, շարունակում է անհրաժեշտ ջանքեր և ռեսուրսներ ներդնել՝ ոլորտային բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Մասնավորապես, սկսվել է ԱՄԿ 190-րդ կոնվենցիայի վավերացման գործընթացը, հաստատման փուլում է գտնվում նաև Զբաղվածության ռազմավարությունը, որի առանցքում սոցիալական արդարության ապահովման տեսլականն է։ Սոցիալական գործընկերության ամրապնդման նպատակով՝ նաև մշակվում են նոր օրենքներ Արհմիությունների կոնֆեդերացիայի և Գործատուների միության վերաբերյալ»,- նշել է նախարարը։ 

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանում առաջին անգամ անցկացված Աշխատանքի միջազգային համաժողովի շրջանակում ձեռք բերված արդյունքներին և այս համատեքստում շեշտել «Հանուն սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային» Հայաստանի անդամակցության կարևորությունը։ Նախարարը նշել է, որ կոալիցիան նպատակ ունի անդրադառնալ սոցիալական արդարության խնդիրներին և արագացնել Կայուն զարգացման նպատակներին և Արժանապատիվ աշխատանքի օրակարգին հասնելու ջանքերը։

Եզրափակելով ելույթը՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄԿ անդամ երկրների ջանքերի մեկտեղմամբ՝ հնարավոր կլինի ապահովել սոցիալական արդարություն և արժանապատիվ աշխատանք՝ բոլորի համար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ