Բանակցությունները «Արմավիա» ավիաընկերության եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջեւ ընթանում են ծրագրվածի համաձայն: Այս  մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիա» ընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան, հավելելով. «Ներկա պահին ամեն ինչ նորմալ է, իսկ դա նշանակում է, որ  բանակցող կողմերը եկել են համաձայնության»:

NEWS.am-ը  զրուցեց նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ» ընկերության   մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանի հետ: Նրա խոսքով, ներկա պահին սովորական աշխատանքային վիճակ է եւ բոլոր չվերթները նորմալ սպասարկվում են:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին, Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում հետաձգվել էր Երեւան-Մոսկվա 512 չվերթը: «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ չվերթի հետաձգման պատճառն այն է, որ «Արմավիան» փոխըմբռնման չի հասնում «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավարության հետ:

«Ձմռան շրջանում օդանավակայանը բարձրացրել է սպասարկման սակագինը: Հիմա բանակցություններ են վարվում: Մենք համաձայն չենք նրանց սակագնային քաղաքականության հետ, նրանք էլ մեզ հետ համաձայն չեն: Մեր ղեկավարության խոսքով, օդանավակայանն արդեն կառուցված է եւ սակագները կարելի է վերանայել»:

Նույնը օրը ` ժամը 18:00-ի դրությամբ վերսկսել է «Արմավիա» ընկերության օդանավերի սպասարկումը` ուղեւորներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով: Իսկ  NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը` նշել էր, որ  չեն սպասարկվել «Արմավիա» ընկերության չվերթները, պարտքերի համաձայնեցված սահմանաչափը գրեթե կրկնակի գերազանցելու պատճառով: Ավելին` Չվերթների սպասարկումը դադարեցման մասին «Արմավիա» ընկերությունը բազմիցս տեղեկացվել է: