News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, որպես մասնագիտական, ապաքաղաքական, վերկուսակցական կառույց, հայտնում է իր խորին մտահոգությունը Հայաստանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի կապակությամբ։

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Մենք դատապարտում ենք հունիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած զազրելի քաշքշուկը և պահանջում ենք վերջ դնել օրենսդիր մարմնում սովորական դարձած, պառլամենտարիզմի ավանդույթների հետ աղերսներ չունեցող վիրավորանքների ու գռեհկաբանության տարափին։

Մենք խստորեն դատապարտում ենք հունիսի 12-ին, Ազգային Ժողովի դիմաց, ՀՀ ոստիկանության կողմից անզեն քաղաքացիների դեմ անհամաչափ ուժի, հատուկ միջոցների կիրառումը, տասնյակ խաղաղ ցուցարարների խմբակային ծեծն ու նրանց հանդեպ դաժան հաշվեհարդարը։

Ազատ կամարտահայտման, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը ժողովրդավարության և մարդու հիմնարար ազատությունների առանցքային բաղադրիչներից է։ Այդ իրավունքի իրացման ցանկացած սահմանափակում հղի է ստեղծված իրավիճակի շեշտակի վատթարացմամբ, ինչի հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը դրվելու է գործող իշխանության վրա։

Մենք կոչ ենք անում իշխանություններին՝ վերջ տալ ՀՀ Սահմանադրությամբ իշխանություններին տրված լծակների ահռելի զինանոցից բացառապես պատժիչ գործիքակազմի օգտագործման տգեղ սովորույթին, դադարեցնել բռնությունների ալիքը, գործուն քայլեր կատարել լարվածության թոթափման և հասարակական համերաշխության մթնոլորտի հաստատման ուղղությամբ։

Որպես Հայաստանի Հանրապետության պահանջատեր և մտահոգ քաղաքացիներ, մենք արձանագրում ենք, որ հետագա արյունահեղությունից խուսափելու միակ ելքը երկխոսությունն է՝ սպառնալիք պարունակող հռետորաբանության իսպառ բացառմամբ։

ՖԱՀՖ խորհուրդ 

Սաթիկ Ստեփանյան | Խորհրդի Քարտուղար

Մերի Ադամյան | Խորհրդի անդամ

Արամ Մանուկյան| Խորհրդի անդամ

Կարեն Ծատուրյան| Խորհրդի անդամ

Հովհաննես Գալստյան | Խորհրդի նախագահ

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ