News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ հունիսի 14-ի որոշմամբ գումար կհատկացվի Մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպման համար: Միջոցառման շրջանակում իրականացվում է 2 ծրագիր՝ Համահայկական հայագիտական օլիմպիադա և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն:

2024 թ. նախատեսվում է իրականացնել Համահայկական հայագիտական օլիմպիադա, որը կիրականացվի համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող օլիմպիադաների անցկացման ընթացակարգի՝ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելով: Ծրագրի շրջանակում իրականացվող Համահայկական հայագիտական օլիմպիադային կմասնակցեն 70 հոգի (60 աշակերտ և 10 ղեկավար) սփյուռքի տարբեր կրթօջախներից:

Միջոցառման առանձնահատկություններից է նաև այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին:

2024 թ.-ին իրականացվող մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը նվիրված կլինի Ս. Փարաջանովի և Շ. Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: Մրցույթին կմասնակցեն մոտ 19 երկրի 500 աշակերտներ: Մրցույթ-փառատոնի կազմակերպման և իրականացման համար կանցկացվի դրամաշնորհային մրցույթ:

Կառավարությունն ընդունել է մեկ այլ որոշում՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով:

Միջոցառումների նպատակն է՝ Պարույր Սևակի ստեղծագործական ժառանգության արժևորումը, հանրայնացումը, բանաստեղծի գրական ստեղծագործությունների և գիտական գործունեության ուսումնասիրությունների խթանումը, երիտասարդ սերնդի մեջ սևակյան գրականության ճանաչողության մեծացումը: Միջոցառումների շրջանակում նախատեսված են ներկայացումների, գովազդային արշավների, ֆիլմաշարերի պատրաստում, հրատարակչական աշխատանքների և մարզային մշակութային ու կրթական ծրագրերի իրականացում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ