News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին լրատվական գործակալությունները լեցուն էին լուրերով. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ից իր երկրի դուրս գալու մասին։ Մանրամասներ չեն հաղորդվել։ Դրանք ավելի ուշ եղան։ Պարզվեց, որ լրագրողները շտապում էին, ինչպես հիմա ասում են՝ «որսալ աղմուկը» (Catch The Hype-խմբ)։

Հանրապետության Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամին Փաշինյանը  հայտարարեց, թե Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Բայց այս գործընթացի ժամկետները, ընթացակարգերն ու մեխանիզմները նա չնշեց։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Քիչ անց Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը նույնիսկ փորձեց հարթել իր ղեկավարի հայտարարությունից բացասական տպավորությունները։ Ըստ նրա՝ վարչապետը միայն նկատի ուներ, թե Երևանը դաշինք չի վերադառնա, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից։ Սակայն նստվածքը, միևնունն է, մնաց։

Եվ դրա համար ավելի քան բավարար հիմքեր կան։ Նախ՝ ինքը՝ Փաշինյանը, ՀԱՊԿ-ին անցողակի «պղպջակների միություն» անվանեց։ Երկրորդ՝ Հայաստանի վարչապետը կոշտ հարձակումներ արեց Բելառուսի վրա՝ հայտարարելով, թե ինքը այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Իսկ ընդհանրապես, հայտարարում եմ, որ այսուհետ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի գնալու։ Ընդհանրապես»,- եզրափակեց Փաշինյանը։ Ընդ որում արժե հիշեցնել, որ նա առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ է անում։

2024 թվականի փետրվարին Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին։ Մայիսին նրա կառավարությունը հայտարարեց, թե հրաժարվում է համաֆինանսավորել դաշինքը:  

Մարկեդոնովը հռետորական հարց է տալիս՛ իսկ ինչո՞ւ հենց հունիսի 12-ին ՀԱՊԿ թեման հայտնվեց վարչապետ Փաշինյանի ուշադրության կենտրոնում։ Քաղաքագետը նշում է, որ դրա համար մի քանի պատճառներ կան:

Սա ներքին և արտաքին քաղաքական պատճառների համադրություն է։ Հենց հունիսի 12-ին հայտարարվեց Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի ավարտի մասին։ Հայաստանում՝ հիրավի ցավոտ թեմա։

Հանրապետությունում զանգվածային բողոքի ցույցեր են։ Ու թեև, մարզական լեզվով ասած, «խաղի ընդհանուր հաշվի վրա չեն ազդում», սակայն հենց իշխանության հանդեպ դժգոհությունն ինքնին նյարդայնացնում է Փաշինյանին։ Եվ նա գրեթե չի թաքցնում դա, այս մակարդակի քաղաքական գործչի համար բողոքի ցույցերում պոռթկող զգացմունքները չափազանց անձնական բնույթ ունեն։

Հայ հասարակության գերիշխող տրամադրության՝ ջղացնցման ու հիասթափության պայմաններում Փաշինյանը փորձում է տիրանալ քաղաքական նախաձեռնությանը։ Նա անում է ամեն ինչ, որպեսզի ուշադրությունն իրենից և իր կառավարությունից ուրիշների վրա փոխադրի:

Այդ ժամանակ նրա քննադատության կիզակետում են հայտնվում «նախկինները», որոնք, ըստ Փաշինյանի, սխալ են մեկնաբանել «Ղարաբաղի ինքնորոշման» հարցը, Ռուսաստանը, որն, ըստ Փաշինյանի, Հայաստանը ներքաշել է «պղպջակների միության» մեջ և X ժամին չի օգնել, ընդդիմությունը, որն, ըստ վարչապետի, իրեն անպատասխանատու է պահում։

Հիմա էլ այս ցուցակին ավելացավ ևս մեկ «չար հրեշտակ» Լուկաշենկոն։ Բոլորն են մեղավոր, միայն ոչ վարչապետն ու նրա զինակիցները։

Նրանք հավանաբար թղթի ճերմալ թերթիկի պես անաղարտ են: Համենայնդեպս այս կերպարն է հրապարակավ ներկայացնում Փաշինյանը։ Բայց հասարակությանը հուզող հարցերին նա առաջվա նման չի պատասխանում։ Ո՞վ է փոխհատուցելու Հայաստանին անվտանգության համար ՀԱՊԿ-ի հետ խզումից հետո (գրում ենք ՀԱՊԿ, կարդում ենք՝  Ռուսաստան)։

Ի՞նչ է իրականում առաջարկում Արևմուտքը, բացի «ժողովրդավարական ընտրության» մասին հանդիսավոր հայտարարություններից և Կովկասում Մոսկվայի ազդեցությունը նվազագույնի հասցնելու ցանկությունից։ Որտե՞ղ և ինչպե՞ս կգա Բաքվին և Անկարային Երևանի զիջումների գործընթացի ավարտը։

Պատասխաններ չկան, բայց ընդդիմության նկատմամբ խիստ դժգոհությունը կա ու կա։ Եվ զանգվածային ցույցերի դեմ ուժի կիրառումն արդարացնելու ճիգեր։ Կրկին մարտավարությունը գերակշռում է ռազմավարությանը: Փայլուն հաղթանակներ հակառակորդների նկատմամբ՝ առանց տարածաշրջանային և միջազգային փոփոխվող պայմանների հայկական հետագծի հստակ պատկերացման»,- գրել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ