News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) հունիսի 12-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։  Հայտնում են ՄԻՊ գրասենյակից:


Այցեր են իրականացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրեր:

Ուսումնասիրվել են նշված դատարանների ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները և նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցները։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, դատարանների աշխատակազմերի, դատական կարգադրիչների և Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողների հետ:

Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են հետևյալ խնդիրները՝

Խցային անբավարար պայմաններ են արձանագրվել Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերի խցերում: Կենտրոնի և Ավանի խցերի սանհանգույցները հիմնական կոյուղագծին միացված չլինելու պատճառով չեն շահագործվել, և ազատությունից զրկված անձինք Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողների հետ միասին օգտվել են խցային հատվածի միջանցքում տեղակայված սանհանգույցից: Ավանի և Կենտրոնի նստավայրերի խցերում չի եղել նաև հոսող ջրին հասանելիություն:

Աջափնյակ-1 նստավայրի բոլոր խցերում, իսկ Կենտրոն և Ավան նստավայրերի որոշ խցերում բացակայել են պատուհանները և բնական ու արհեստական լուսավորությունը:
Արձանագրվել են նաև խցերի անբավարար քանակի պատճառով ազատությունից զրկված անձանց պատշաճ պահման պայմանների հետ կապված խնդիրներ: Մասնավորապես, ստացված տեղեկությունների համաձայն՝ ազատությունից զրկված անձնաց մեծ թվով և դատարանի խցերի սակավ քանակով պայմամանավորված՝ մեկ խցում ստիպված են լինում պահել մինչև անգամ 10 և ավելի անձանց (Կենտրոնի նստավայր, խցի մակերեսը մոտ 10քմ) կամ մինչև դատական նիստի սկսվելը վերջիններիս պահում են Ոստիկանության ուղեկցող գումարտակի տրանսպորտային միջոցներում (Շենգավիթի նստավայր):

Ուսումնասիրված խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով և չեն ունեցել դռներ: Ավելին, որոշ խցերում կիսապատերն այնքան կարճ են եղել, որ ամբողջությամբ չեն ծածկել անձին: Այս վիճակը հատկապես անընդունելի է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից: Հարցը շարունակում է ավելի զգայուն մնալ այն պարագայում, երբ ազատությունից զրկված անձը կին է, իսկ ուղեկցող գումարտակի աշխատակիցները հիմնականում տղամարդիկ են։

Անընդունելի է նաև այն, որ խցերի սանհանգույցները հիմնականում ասիական տիպի են, և դատարանների խցերն ու դրանց սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանների շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:

Բացի այդ, դիտարկված բոլոր խցերն ունեցել են նաև վերանորոգման կարիք․ պատերի ծեփամածիկները եղել են թափված, տեսանելի են եղել ճաքեր:
Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերի խցերում բացակայել են հիգիենիկ պարագաները՝ օճառը, սանիտարական թուղթը, իսկ աղբամաններ առկա են եղել ոչ բոլոր խցերում:
Որևէ խցում առկա չեն եղել ազատությունից զրկված անձանց համար նախատեսված սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ: Ուսումնասիրված նստավայրերի բոլոր խցերում բացակայել է սեղան, սպասք և այլն:

Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ ազատությունից զրկված անձանց քրեակատորողական հիմնարկներից սնունդ չի տրամադրվում։

Ուսումնասիրված նստավայրերում արձանագրվել է դատարանի խցերում պահվող անձանց համար բերված հանձնուքների ընդունման ոչ միասնական պրակտիկա: Մասնավորապես, Աջափնյակ-1, Շենգավիթ և Կենտրոն նստավայրերի խցերում պահվող անձանց համար հանձնուքներ առհասարակ չեն ընդունվում, իսկ Ավանի նստավայրում ընդունվում են միայն ձերբակալված անձանց համար բերված հանձնուքները՝ այն էլ Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծաայողների համաձայնության դեպքում:
Խնդիրներ են արձանագրվել նաև ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնություն ստանալու և փաստաբանների տեսակցությունների կազմակերպման հետ կապված: Ըստ տրամադրված տեղեկությունների՝ անձի և նրա փաստաբանի հանդիպումը դատարանի շենքում առանձին դեպքերում կազմակերպվում է դատական նիստերի դահլիճում՝ մինչ դատական նիստն սկսելը:

Մշտադիտարկման ժամանակ ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց դատարան տեղափոխման համար շահագործվող տրանսպորտային միջոցները․ մեքենաների խցերի չափերը չեն համապատասխանել միջազգային չափանիշներին․ չունեն բավարար լուսավորություն և օդափոխություն, հարմարեցված չեն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց կարիքներին։

Այս խնդիրներն ունեն համակարգային բնույթ և մշտապես արձանագրվում են Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում: 

Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:

Տպել
Ամենաշատ