News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Առաջաին անգամ ենք Հայաստան բերել տեղական առաջնորդների խումբ. Մենք իրենց կապակցում ենք այստեղի տեղական գործընկերների հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի շրջանակներում հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ պետքարտուղարության Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը:

«Հույս ունենք՝ այդ հարաբերությունները տեւական կլինեն, մարդիկ ավելի կապակցված կլինեն»,-ասաց նա:

Հարցին՝ ո՞րն է լինելու հայ-ամերիկյան առաջին խոշոր ծրագիրը, որ իրականացվելու է ԱՄՆ-ի համագործակցությամբ, նա պատասխանեց. «Տեղական առաջնորդներն իրենք պետք է որոշեն: Երկու երկրների գործարար համայնքները կաշխատեն միասին: Պետդեպարտամենտը տեղական առաջնորդներին երբեք չի ասում՝ ինչ անեն: Դա իրենդ որոշելիքն է, մենք կապերն ենք ձեւավորում եւ աջակցում ենք իրենց:

Փենսիլվանիա նահանգի Սքրենթոնի քաղաքապետ Փեյջ Կոնյետին իր հերթին նշեց, որ մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը, ծանոթացել է Արմավիրի քաղաքապետի հետ. «Այսօր դեռ խոսում ենք գաղափարների մակարդակում, ինչպես անել, որ կարողանան բնակիչները վստահել իրենց կառավարությանը: Շատ ոգեւորված եմ, որ Արմավիրի հետ գործընկերության շրջանակում այս ծրագիրը կիրականացնենք»:

Դիտարկմանը, որ օրեր առաջ Երեւանի կենտրոնում բավականին կոշտ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ընդդիմության ակտիվիստների միջեւ, արդյոք այդ ամենը տեղավորվում է ժողովրդավարական արժեքների մեջ, Նինա Հաչիգյանն արձագանքեց. «Ես կարող եմ ասել, որ ժողովրդավարության մեջ խաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է, բայց նաեւ երբ կա կայացած ժողովրդավարություն, քաղաքական փոփոխության ճանապարհը ժողովրդավարական համակարգն է»:

Հիշեցնենք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե  հետևում են Երևանում ընթացող ցույցերին։

«Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»,- նշել էին դեսպանությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ