News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Միլիոնավոր երեխաներ ողջ աշխարհում կրթություն ստանալու հնարավորություն չունեն, ինչը հանգեցնում է սոցիալական եւ տնտեսական վնասների տարեկան 10 տրլն դոլարի չափով։ «Անգործության գինը» զեկույցում այսպիսի տվյալներ է ներկայացրել Միավորված Ազգերի Կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ)։

«10 տրլն դոլար տարեկան. այսպիսին է կրթության բացակայության գլոբալ արժեքը, որը ցնցում է երեւակայությունը։ Ֆինանսականից բացի՝ գոյություն ունեն զգալի թվով սոցիալական հետեւանքներ։ ՅՈւՆԵՍԿՕ-ի այս զեկույցը պարունակում է հստակ ուղերձ. կրթությունը ռազմավարական ներդրում է, լավագույն ներդրումներից մեկը առանձին մարդկանց, տնտեսության եւ հասարակության համար առհասարակ։ Ես կոչ եմ անում մեր անդամ պետություններին այնպես անել, որպեսզի այդ համընդհանուր իրավունքը որքան հնարավոր է շտապ դառնա իրականություն յուրաքանչյուր մարդու համար»,- ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն։

Փաստաթղթում նշվել է, որ այժմ մոտ 250 մլն անչափահասներ ողջ աշխարհում կրթության հասանելիություն չունեն, 10 տարեկան երեխաների 70 տոկոսը ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում չի կարողանում կարդալ պարզ տեքստերը։ Զեկույցի հեղինակները կարծում են, որ եթե կրթության հասանելիություն ապահովվի անգամ այդ երեխաների 10 տոկոսի համար, որոնք այժմ չեն սովորում, ապա դա թույլ կտա ավելացնել ՀՆԱ տարեկան աճը 1-2 տոկոսային կետով։

ՅՈւՆԵՍԿՕ-ում 10 առաջարկ են անում բոլորի համար որակյալ կրթության հասնելու նպատակով։ Դրանցից առաջինն այն է, որ կառավարությունները պետք է երաշխավորեն անվճար, պետության կողմից ֆինանսավորվող դպրոցական կրթություն յուրաքանչյուր աղջկա եւ տղայի համար առնվազն 12 տարվա ընթացքում։ Մյուս առաջարկներով նախատեսվում է ապահովել «անվտանգ եւ ներառական միջավայր» գիտելիքներ ստանալու, ոչ մեծ դասարաններում պարապմունքներ անցկացնելու համար միայն որակյալ եւ մոտիվացված ուսուցիչներով։ Բացի այդ, ՅՈւՆԵՍԿՕ-ն կոչ է անում իշխանություններին «բացատրել տեղի հանրույթներին եւ ընտանիքներին աղջիկների եւ տղաների կողմից կրթության ամբողջ ցիկլն անցնելու, ինչպես նաեւ ծնողներին դպրոցական միջոցառումներին եւ դպրոցների կառավարմանը մասնակցելու գործին ներգրավելու կարեւորությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ