News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ:

Ողջունելով հյուրին՝ Շիրակ Թորոսյանը նշել է վերջին տարիներին հայ-ավստրիական հարաբերությունների նշանակալի առաջընթացը: «Մեզ համար շատ կարեւոր է Ավստրիան՝ որպես Եվրամիության առանցքային  երկիր: Հայ-ավստրիական հարաբերությունների խորացումը, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակով եւ բազմակողմ ձեւաչափով, մեզ համար շատ կարեւոր է»,- ընդգծել է բարեկամական խմբի ղեկավարը: Նա հավելել է, որ հայ-ավստրիական հարաբերություններն առաջընթաց են գրանցում նաեւ Հայաստանում գործող Ավստրիական զարգացման գործակալության գործունեության արդյունքում: Ընդգծվել է վերջին տարիներին երկու երկրների  միջխորհրդարանական կապերի սերտացումը տարբեր ձեւաչափերով:

Շիրակ Թորոսյանը Նիկոլաուս Շերակին  ներկայացրել է  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման գործընթացը, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարեւորել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ապաշրջափակման գործընթացը, ճանապարհների բացման եւ նորմալ հաղորդակցությամբ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է սահմանային կայունությունը, ինչում իր զգալի դերակատարությունն է ունեցել ԵՄ քաղաքացիական առաքելությունը: Նշվել է, որ առաքելության  գործունեության ընթացքում էապես կայունացել է սահմանային իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Հանդիպման ընթացքում հայ պատգամավորներն անդրադարձել են  ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցին, Հայաստանում Ավստրիայի դեսպանություն ունենալու կարեւորությանը, տարածաշրջանային խնդիրներին:

Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը կարեւորել է մեր երկրի հետ հարաբերությունների սերտացումը, անդրադարձել  ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի դժվարություններին, ընդգծել ժողովրդավարության կարեւորությունը:

«Մեզ համար շատ կարեւոր է լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանում, եւ մեզ համար  լավագույն գործընկերը Հայաստանն է»,- մասնավորապես ասել է Նիկոլաուս Շերակը՝ անդրադառնալով տարածաշրջանային հարցերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ