News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Բագրատ Գալստանյանը շատ երկար պիտի մնա փողոցում, ինքը պիտի մաշվի փողոցում։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեզ սադրել պետք չի, ինքն էնքան է մնալու փողոցում։ Այն ուժերն ու մարդիկ, ովքեր իրեն սատարում են, նույնպես մնալու են փողոցում, մասնավորապես, Գարեգին Բ–ն և մնացած ուժերը մաշվելու են հին կոշիկի պես»,- նշեց նա։

Անդրադառնալով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից լուսաձայնայն նռնակներ ցուցարարների ուղղությամբ գցելուն և դրա օրինաչափությանը, ԱԺ նախագահն ասաց.

«Այն բանը, որ ցուցարարները հարձակվել են ոստիկանության վրա, այն բանը, որ ջարդուխուրդ են արել Սիրահարների այգին, բավարար առիթ չի՞, որ ոստիկանությունը կարգի հրավիրի այդ մարդկանց։ Այսինքն՝ ոստիկանությունն է հարձակվե՞լ ժողովրդի վրա, ոչ, Բագրատ Գալստանյանի կոչով և ներսի պատգամավորների հրահրմամբ, երբ գալիս հարցեր են հերթագրվում ու ղժղժում և վիրավորում են. այդ ամենը կազմակերպված սադրանք էր։ Բնական է, եթե հարձակվում են ոստիկանության վրա, ապա ոստիկանությունը պետք է պաշտպանվի։ Որևիցե մեկը, բացի այն անձից, որը վերցրել է նռնակը, որ հետ շպրտի, որևիցե մեկը շատ լուրջ վնասվածք չի ստացել։

Գործողությունը տեղի է ունեցել շատ փոքր հատվածում, և ժողովրդի լայն մասսան, որը հավաքված է եղել Դեմիրճյանի կողմից և հրել ու հարձակում է իրականացրել ոստիկանության վրա, այդ ուղղությամբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակ չի օգտագործել, այլ օգտագործել է այն ուղղությամբ, որտեղ որ պետք է օգտագործեր։ Ոստիկանությունն այլ տեղ էլ չուներ օգտագործելու, նետեր ԱԺ բա՞կ։ Շատ են նետել, որովհետև հարձակվել են ոստիկանության վրա»։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ քաղաքացիներն են հարձակվել ոստիկանների վրա, այդպիսով էլ որոշվել է անցնել հատուկ միջոցների կիրառման. «Դու գնում ու հարձակվում ես ուժային կառույցի վրա, ու նեղսրտում ես, որ լուսաձայնային նռնակ են նետո՞ւմ։ Ոստիկաններին քարերով հարվածում ես, ու նեղսրտում ես, որ ուժային կառույցը հատուկ միջոց է օգտագործո՞ւմ»։

Սիմոնյանը շեշտեց, որ իր գնահատմամբ, ցուցարարները պատրաստվում էին գրավել ԱԺ շենքը. «Սուտ են ասում, որ ասում են, թե ԱԺ շենք գրավելու նպատակ չի եղել։ Նպատակը եղել է շենքը գրավելն ու հարձակում գործել ՀՀ վարչապետի, ԱԺ պատգամավորների և ԱԺ նախագահի վրա. դա իմ գնահատականն է։ Իրենց հայտարարություններից ելնելով եմ կարծում, որ ուզում էին ԱԺ շենք մտնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ