News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Երբ ՀԱԿ-ը խոսում է ալտերնատիվ քաղաքականության մասին, դա խստորեն տարբերվում է նրանից, որն ասում են տարբեր տեսակի հայդատականները, ռադիկալ ազգայնականները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Հանրությունը պետք է տեսնի հենց այդպիսի ուժ, որն առաջարկում է խաղաղության ռազմավարություն: Մեր ժողովուրդը, մեծ հաշվով, ռեալիստ է եւ հասկանում է՝ մենք ինչ վիճակում ենք: Այո, մենք չենք կարող գնալ պատերազմի, բայց դա չի նշանակում, որ պետք է գնանք կտոր-կտոր ինչ-որ բաներ հանձնելու ճանապարհով եւ ակնկալել, որ միգուցե Ալիեւի ախորժակը մենք կբավարարենք: Դա ռազմավարություն չէ, դա տանում է դեպի պատերազմի, դեպի կլանման: Մենք պետք է ուրիշ բան անենք»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը, որ կարողանա կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան, Զուրաբյանը պատասխանեց. «Դա ֆորտիֆիկացիաներն են, դա զինվելն է, դա բալանսի կարգավորումն էր արտաքին հարաբերություններում, ոչ թե ռուսական ճամբարից արեւմտյան ճամբար փախնելը: Դա կատաստրոֆիկ գաղափար է, որ Փաշինյանի խմբակը փորձում է առաջ տանել: Այս շաբաթ ես գտա մի անսպասելի դաշնակից, դա մի մարդ է, որը եղել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ: Խոսքը  Էդվարդ Ջերեջյանի մասին է, որը հայազգի ամենահեղինակավոր եւ հմուտ դիվանագետներից է ԱՄՆ-ում: Նա եղել է Ռեյգանի խորհրադականներից մեկը: Նա եղել է ԱՄՆ դեսպան Սիրիայում, Իսրայելում: Նա ծառայել է ամերիկյան 8 վարչակազմի: Նա վերջերս երկու հարցազրույց է տվել եւ  ասել այն, ինչ մենք քանի տարի ասում ենք: Առաջինը, մեզ պետք է վերականգնել բալանսի քաղաքականությունը, այսինքն ինչպիսին էլ լինի Ռուսաստանի քաղաքականությունը, մենք իրավունք չունենք խզել հարաբերությունները, թշնամանալ ՌԴ-ի հետ: Որեւէ ճամբարի ապավինելը՝ լինի ռուսական ճամբարը, թե արեւմտյան, դա մեզ տանում է դեպի աղետ: Նա ասում է, որ մենք տնտեսական կպերով այնքան կապված ենք Ռուսաստանի հետ, որ այդ կապերի խզումը աղետ է լինելու ՀՀ-ի համար, էլ չենք խոսում անվտանգության խնդիրների մասին, որովհետեւ եթե գնում ես այդպիսի մի գերտերության շահերի դեմ, դու դառնում ես իր պատժի գործողությունների գլխավոր թիրախներից մեկը: Եթե գնանք իմ ասած ճանապարհով, մենք մեր գոնե դիվանագիտական դիրքերը ահագին կարգի կբերենք եւ կկարողանանք ինչ-որ զսպանակներ կառուցել Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Սա չի արվում:

Երկրորդը, պետք է ֆորտիֆիկացիաներ կառուցել, զինվել, արագ տեխնոլոգիական առաջընթացներ կազմակերպել մեր բանակում, վերակազմակերպվել: Հիմա նոր հազիվ սկսել են ինչ-որ բաներ անել»,- ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ