News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազությունը նամակ է ուղարկել ՆԳՆ՝ օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելելու առաջարկով, որոնք մասնակցում են «անցանկալի կազմակերպությունների» գործունեությանը։ Փաստաթղթին ծանոթացել է «Իզվեստիա»-ն։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ պետությունն այդ կերպ կարող է ավելի լավ պաշտպանվել դրսի ազդեցությունից։

Գլխավոր դատախազությունն առաջարկում է ՆԳՆ մշակած «ՌԴ մտնելու եւ դուրս գալու պայմանների մասին օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար...» օրինագիծը լրացնել հոդվածով, որը կարգելի Ռուսաստան մտնելը եւ այնտեղ ապրելը այն մարդկանց, որոնք մասնակցում են «օտարերկրյա կամ միջազգային ոչ կառավարական կազմակերպության գործունեությանը, որի հանդեպ ընդունվել է որոշում նրա գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի ճանաչելու մասին»։ Վերահսկիչ գերատեսչությունը այս նորմի կիրառումը համարում է անհրաժեշտ՝ «հաշվի առնելով ներքին գործերին օտարերկրյա միջամտությանը դիմակայելու խիստ հրատապությունը»։

«Ակնհայտ է, որ նրանց մուտքը մեր երկրի տարածք քիչ է կապված զբոսաշրջային կամ այլ բարեկամական նպատակների հետ։ Ավելի շուտ դրանք մոտիվներ են, որոնք եթե ոչ ուղիղ, բայց կդառնան ներդրում Ռուսաստանի դեմ գործողությունում»,- պարբերականին ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Պատգամավորը վստահություն է հայտնել, որ գլխավոր դատախազությունն արդեն ուսումնասիրել է նախաձեռնության հնարավոր ռիսկերը եւ դժվարությունները, որը նա անվանել է «ընդհանուր առմամբ արդարացի եւ ճիշտ»։

«Այս միջոցն անհրաժեշտ է, քանի որ այս կամ այն կերպ Ռուսաստանում արգելված կամ անցանկալի կազմակերպությունների այդ նույն կողմնակիցների մեծ մասը  հրապարակային դեմքեր չեն։ Ուստի նրանց գործունեությունը ՌԴ-ում ավելի սեւեռուն ուշադրության տակ չէ, քան միավորումների պաշտոնական ղեկավարների աշխատանքը»,- դատախազության առաջարկը մեկնաբանել է Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը։ Նա ավելացրել է, որ դժվար կլինի պարզել «անցանկալի կազմակերպություններում» ներգրավված անձանց, քանի որ «Ռուսաստանը բախվում է երկիր մտնող մարդկանց չվերահսկվող հոսքի»։

«Ռուսաստանում «անցանկալի» են ճանաչվում այն կազմակերպությունները, որոնք «սպառնալիք են ներկայացնում ՌԴ սահմանադրական կարգի հիմքերին, երկրի պաշտպանունակությանը կամ պետության անվտանգությանը»։ Ըստ էության, դա կարող է լինել ցանկացած նախագիծ, որի գործունեությունը գոնե մի փոքր հակասում է ՌԴ իշխանությունների դիրքորոշմանը։ Խտրական կարգավիճակ ամենից հաճախ ստանում են իրավապաշտպան կոլեկտիվները, անկախ ԶԼՄ-ները եւ ընդդիմադիր նախաձեռնությունները։

Կազմակերպության «անցանկալի» ճանաչվելուց հետո այն կորցնում է Ռուսաստանում աշխատելու իրավունքը, արգելվում է դրամական գործառնություններ կատարել, ստեղծել իրավաբանական անձինք եւ տարածել սեփական տեղեկատվություն, այդ թվում մեդիայում, դա վերաբերում է հիպերհղումներին եւ մեջբերումներին։

Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո «անցանկալի կազմակերպությունների» թիվը Ռուսաստանում սկսել է զգալիորեն աճել. 2022թ. իշխանություններն այդպիսին էին ճանաչել 23 նախագիծ, 2023-ին՝ 58։ 2024թ. հունիսի 18-ի դրությամբ, արդարադատության նախարարության տվյալներով, ՌԴ-ում «Անցանկալի» է ճանաչվել 166 կազմակերպություն։

Այժմ այդպիսի կարգավիճակ ունեն, օրինակ, «Մեդուզա», «Բաց մեդիաներ», «Կարեւոր պատմություններ» պարբերականները։ Ցուցակում ներառված են «Ազատ Ռուսաստանի ֆորումը», Ալեքսեյ Նավալնու «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը», «Բորիս Նեմցովի ազատության հիմնադրամը», «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն»։ «Անցանկալի» են ճանաչված նաեւ «Ազատություն» ռադիոն, «Дождь»  հեռուստաալիքը», «Новая газета. Европа»-ն, Bellingcat-ը, The Insider-ը եւ շատ այլ նախագծեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ