News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Սյունիքում հունիսի 13-ին տեղացած կարկուտի հետևանքով Գորիս համայնքը միայն գյուղատնտեսության ոլորտում 196 մլն դրամի կորուստ է ունեցել: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Գորիսի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ Արմեն Ավետիսյանը:

«Համայնքի բոլոր գյուղերն էլ շատ թե քիչ վնաս են կրել, բայց խոշոր չափերի վնաս կրել են Գորիս քաղաքը, Քարահունջ, Որոտան և Հարթաշեն գյուղերը»,-ասաց նա:

«Կարկուտից ամենաշատը վնասվել է Որոտան բնակավայրը. գյուղատնեսության ոլորտում 34 մլն դրամի վնաս է կրել գյուղը:  Համայնքը որպես այդպիսին, գյուղատնտեսական հողեր ու վարելահողեր չունի, այդ պատճառով մնացած համայնքների հետ համեմատած գումարի չափն ավելի փոքր է, բայց Որոտանում բերքը 100 տոկոսով վնասված է»,-հավելեց Արմեն Ավետիսյանը:

Նրա խոսքով, Քարահունջում վնասի չափը կազմել է 28 մլն դրամ. 35 հեկտար հացահատիկ է վնասվել, 22 հեկտար պտուղ, 10 հեկտար խոտհարք, 3 հեկտար  կարտոֆիլ, 2 հեկտար լոբի: 

«Գորիսում վնասի չափը 118 մլն դրամ է կազմել, իսկ Հարթաշենում 14 մլն»,-ասաց Արմեն Ավետիսյանը՝ հիշեցնելով, որ ներկայացված թվերը վերաբերում են միայն գյուղատնտեսական մշակաբույսերին: Նա նշեց նաև, որ այն խոտհարքները, որտեղ խոտը դեռ չէին հավաքել, նույնպես վնասվել են:

 Արմեն Ավետիսյանի խոսքով, գյուղատնտեսական ոլորտում պատճառված վնասների գույքագրման աշխատանքներն ավարտվել են, սակայն բնակիչները շարունակում են համայքապետարաններ դիմել տների տանիքների, ավտոմեքենաների, արևային համակարգերի կրած վնասների համար:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանի խոսքով, վերջին օրերին տեղացած կարկուտը բերքին շատ լուրջ վնաս է հասցրել հատկապես Սյունիքի, Արարատի, Կոտայքի ու Լոռու մարզերում:

«Այս տարի նախորդ տարիների հետ համեմատած, ավելի քիչ պտուղ, բանջարեղեն կունենանք: Վերջին շրջանում կարկուտի հետևանքով խնձորի, ծիրանի, դեղձի այգիներ են տուժել: Կարծում եմ այս տարի տեղական շուկայում այդ պտուղները բավական թանկ են լինելու: Շուկայում արդեն իսկ այլ երկրներից ներմուծված դեղձ, նեկտարին, ձմերում եմ տեսնում. դրանց հաշվին տեղական մրգերի արժեքը կարող է որոշակիորեն կարգավորվել, բայց միևույն է էժան չի լինի»,-հավելեց գյուղատնտեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ