News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ուրախությամբ (ՔՈԱՖ) հայտնում է, որ իր թիմի կողմից 3-րդ, 6-րդ եւ 8-րդ դասարանների համար մշակված անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կողմից հայտարարված հանրակրթական դպրոցների նոր դասագրքերի բաց մրցույթում: Այսպիսով, հաղթելով մրցույթում՝ դրանք երաշխավորվել են ԿԳՄՍՆ-ի կողմից եւ 2024-2025 ուսումնական տարվանից սկսած հանրապետության ամբողջ տարածքում կկիրառվեն որպես հիմնական դպրոցական դասագրքեր:

Այս բացառիկ նվաճումը ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերի թիմի եւ դասագրքերի հեղինակ-ուսուցիչների անգնահատելի նվիրման եւ աշխատանքի արդյունք է:

Վերջիններիս ներգրավվածությունը հատկապես էական է դասավանդման երկարամյա փորձի տեսանկյունից։ Դպրոցականների կարիքների եւ մարտահրավերների մասին ունեցած նրանց խորը պատկերացումը մեծապես օգնել է արդիական, հետաքրքիր ու ներգրավող ուսումնական նյութերի մշակման գործում։

Դասագրքերի կազմման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եղել է ՔՈԱՖ-ի վստահելի ու կարեւոր գործընկերը։ Վերջին երկու տարիների ընթացքում դրանց բովանդակությունը փորձարկվել եւ բարելավվել է հիմնադրամի ու դեսպանատան համատեղ անգլերեն կրթական ծրագրերի շրջանակներում։ Այն ուսանողները, որոնք արդեն իսկ սովորել են այդ նյութերով, ոչ միայն բարելավել են իրենց լեզվական գիտելիքները, այլեւ ձեռք են բերել արժեքավոր հմտություններ՝ ինչպիսիք են հանրային խոսքը, քննադատական մտածողությունը եւ հետազոտական կարողությունները:

ՔՈԱՖ-ի անգլերեն նոր դասագրքերի առանցքային կետերից են ժամանակակից մեթոդաբանությունն ու բովանդակությունը, որոնց շնորհիվ դրանք ինտերակտիվ ու ներգրավող են։ Այս մոտեցումը դասապրոցեսը դարձնում է առավել գրավիչ ու հետաքրքիր, իսկ ուսումնառությունը հենվում ոչ այնքան տնային աշխատանքների, որքան դասարանում ստացած գիտելիքի եւ այն գործականում կիրառելու վրա։

«ՔՈԱՖ-ի համար սա հսկայական նվաճում է»,-նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը,-«Անգլերենի գերազանց գիտելիքներ փոխանցելուց զատ, մեր դասագրքերը նաեւ զարգացնում են այնպիսի կարեւոր հմտություններ, ինչպիսիք են անկախ մտածողությունը, հրապարակային խոսքը, վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքը եւ հետազոտական կարողությունները։ Մեզ համար մեծ պատիվ է, քանի որ մեր մշակած դասագրքերը վճռորոշ դեր կունենան գալիք սերնդի պայծառ ապագայի ուրվագծման գործում»։

ՔՈԱՖ-ը հանձնառու է տրամադրել բարձրորակ կրթական ռեսուրսներ, որոնք ոչ միայն կբարելավեն լեզվի իմացության մակարդակը, այլեւ դպրոցականներին կօժտեն 21-րդ դարի հմտություններով եւ կօգնեն ընդլայնել նրանց մտահորիզոնը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ ՔՈԱՖ-ի՝ պետական նոր չափորոշչին համապատասխան դասագրքերը հայտնվեն հայաստանցի դպրոցականների դասասեղաններին՝ ընդլայնելով երեխաների կրթական հնարավորությունները:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի  նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես  երեխաներին եւ երիտասարդներ ին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից եւ ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ 82+ համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ