News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Հայաստանում եւ աշխարհում կա իշխանություն վերցնելու մի քանի ճանապարհ՝ ընտրություններ, հեղաշրջում, հեղափոխություն: Դրա մասին NEWS.am -ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Այլ տարբերակ, որ իշխանությունը չցանկանա հանձնվել, բայց դու կարողանաս հաղթել, որպես այդպիսին չկա: Իհարկե, նաեւ կարող է լինել այս տարբերակների սինթեզված ձեւը, սակայն դու չես կարող քայլելով, միտինգներ հրավիրելով, հայտարարություններով իշխանություն վերցնել: Դա կարող է լինել մի դեպքում, եթե քո եւ իշխանության միջեւ առկա է բեմադրություն՝ իշխանության հանձնելու, հեղափոխության իմիտացիա, ինչը մենք տեսանք 2018-ին: Այդ ժամանակ կար ցանկություն իշխանությունը հանձնելու, սկուտեղի վրա հանձնեցին, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի մոտ նման ցանկություն չկա: Դու կամ պետք է գնաս հեղափոխության, կամ եթե ընդունակ չես, տարբեր բախումների արդյունքում «խուրդվում» ես, մի բանը բանտ է գնում, մի մասը վերջում տուն է գնում«»,-ասաց նա:

Կիվիրյանի խոսքով, եթե իշխանությունը կարողանում է իր վերահսկողության տակ պահել տեղեկատվական բլոկը եւ ուժային բլոկը, ինքը կարողանում է պահել իշխանությունը. «Ընդ որում, ամբողջ աշխարհում կա այն վարկածը, որ եթե դու վերահսկում ես տեղեկատվական բլոկը եւ ուժային բլոկը., անգամ  ընտրություններով քեզ չեն կարող հաղթել, եթե դու չես ցանկանում հեռանալ:

Հայկական իրականության մեջ  իշխանությունը չի ուզում հանձնվել, ինչքան ուզում է Բագրատ սրբազանը կլինի, թե այլ մարդ կլինի, տանի-բերի, Տավուշից քայլեն, Սյունիքից քայլեն, քանի դեռ չեն կարողացել փլուզել տեղեկատվական բլոկը եւ ինչ-որ առումով կարողանան իրենց վերահսկողության տակ վերցնել ուժային բլոկը, իշխանությունը կարողանում է դրանք կիրառել եւ քեզ ջախջախել»,-ընդգծեց վերլուծաբանը:

Հարցին՝ հնարավո՞ր է հեղափոխական ճանապարհով իրականացնել իշխանափոխություն, նա պատասխանեց. «Դրա համար դու պետք է ունենաս այդ հեղափոխության տեսաբանին, որը կարողանում է այդ պահին գծել այն սխեման, որի կիրառման դեպքում դու կարողանում ես փլուզել իշխանությունը: Եվ երկրորդ կատարողներն են, որոնք կարողանում են այդ սխեման կյանքի կոչել: Հիմա Հայաստանում ես ոչ տեսաբանին եմ տեսնում, ոչ՝ կատարողներին»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ