News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը


2020-ից հետո ընդդիմության լիդերները համառորեն չեն հասկանում, որ հայ մարդը ամեն գնով խաղաղություն է ուզում: Դրա մասին NEWS.am -ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«2020-ի նոյեմբերի 9-ից հետո փողոց դուրս եկածները, կոպիտ ասած, հաղթական պատերազմ էին խոստանում իրենց հաջողության դեպքում: Իրենք չհասկացան, որ իրենց պարտության հիմքը հենց դա է, որ իրենք չեն հասկացել հայ մարդու հոգեբանությունը:  Դրա վրա 4 տարի ընդդիմությունը վառվում է: Ինքը կարողանում է ներգրավել փոքր խմբի, բայց լայն հասարակությունը վանվում է դրանից:

Նիկոլ փաշինյանը, ի տարբերություն ընդդիմության, կարողանում է զգալ հասարակության երակը, տրամադրությունները: Եթե ինքը վստահ լիներ, որ այս հասարակությունն ուզում է պատերազմ, ամբողջ օրը սպիտակ ձի հեծած պատերազմ էր քարոզելու»,-ասաց նա:

Կիվիրյանը նկատեց, որ դիլետանտ քաղաքական գործիչները, երբ չեն հաջողում, սկսում են պիտակավորել հասարակությանը, ինչը անում է այսօրվա ընդդիմությունը, իսկ պրոֆեսիոնալ գործիչները փորձում են հասկանալ հասարակության վարքագծի պատճառները. «Հիմա հայկական հասարակության մեջ ոչ ոք չի ուզում հասկանալ, թե ինչու է ՀՀ քաղաքացին, որը հաղթել էր արցախյան առաջին պատերազմը, հասել այդպիսի վիճակի:  Ընդամենը զբաղված են մարդկանց պիտակավորելով ու չեն էլ ուզում հասկանալ մարդկանց իրական ցանկությունը, որ նրանք ուզում են ամեն գնով խաղաղություն եւ Նիկոլ Փաշինյանը խաղում է դրա վրա:

Նիկոլ Փաշինյանը քարոզում է խաղաղություն, սակայն իրականության մեջ ինքը ժողովրդին խաղաղություն չի տալիս: Ուղղակի օգտվելով նրանից, որ իր ընդդիմադիրները պատերազմի կուսակցություն են, ժողովուրդը ինչ-որ առումով դեռ հույս ունի, որ Նիկոլից կստանա խաղաղություն»,-ասաց նա:

Արգիշտի Կիրվիրյանի խոսքով, իրականում աղետի ու պատերազմի կուսակցության ղեկավարը Նիկոլն է, ինքը տանում է պերմանենտ պատերազմների. «Եթե Նիկոլը նոյեմբերի 9-ի հայտարարությունը կատարեր, ոչ միայն կպահպանվեր Արցախը թեկուզ ռուսական վերահսկողության տակ, այլեւ տարածաշրջանը կստանար երկարատեւ խաղաղություն: Մենք կստանայինք այն խաղաղությունը, որը մեզ համար ունի կենսական կարեւորություն, որ կարողանանք վերականգնվել: Տապալելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Նիկոլը տարածաշրջանը մտցրեց պերմանենտ պատերազմների փուլ:

Այն ուժը, որը մարտահրավեր կնետի Նիկոլ Փաշինյանին, ինքը պետք է ուսումնասիրի հասարակության բոլոր տրամադրությունները, եւ եթե հասարակությունն այս պահին ուզում է խաղաղություն, ինքը կարողանա ցույց տալ, որ ինքը կկարողանա ապահովել իրական խաղաղություն: Ժողովրդին պետք է բացատրես, որ Նիկոլը չի բերում խաղաղություն: Դու պետք է կարողանաս Նիկոլի տակից հանես խաղաղության աթոռը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ