News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստան-Հյուսիսային Կորեա Համապարփակ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիրը ցույց է տալիս ավտորիտար ուժերի միջև աճող համերաշխությունը և ընդգծում ժողովրդավարությունների միասնության կարևորությունը, ասել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր է ստորագրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, որը ներառում է փոխադարձ պաշտպանական պարտավորություններ՝ էապես փոխելով Մոսկվայի քաղաքականությունը Փհենյանի նկատմամբ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է տրամադրել «ահռելի քանակությամբ զինամթերք», մինչդեռ Չինաստանն ու Իրանը նույնպես զգալի օգնություն են տրամադրում ռուսական ռազմարդյունաբերական համալիրին՝ Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու համար:

«Մենք պետք է գիտակցենք, որ ավտորիտար ուժերը գնալով ավելի են միավորվում։ Նրանք աջակցում են միմյանց այնպես, ինչպես մենք նախկինում չենք տեսել»,- ասել է Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Օտտավա կատարած պաշտոնական այցի ժամանակ պանելային քննարկման ժամանակ:

«Այն ժամանակ, երբ ավելի են միավորվում ավտորիտար ռեժիմները, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը, ավելի կարևոր է, որ մենք միասնական լինենք՝ որպես ազատության և ժողովրդավարության հավատացող երկրներ»,- ասել է նա:

Ռուսաստանի և ասիական այլ երկրների միջև շփումների խորացումը նշանակում է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցների հետ համագործակցությունը գնալով ավելի կարևոր է դառնում ՆԱՏՕ-ի համար, հավելել է նա՝ նշելով, որ հենց այդ պատճառով են Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի ղեկավարները հրավիրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կայանալու է հաջորդ ամիս Վաշինգտոնում:

Սթոլթենբերգը նաև վստահություն է հայտնել, որ Կանադան կկատարի ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար սահմանված պաշտպանության ծախսերը՝ համախառն ներքին արդյունքի 2%-ի չափով։

Կանադայի կառավարությունը, որը միլիարդներ է ներդնում սոցիալական ծրագրերում, իր բանակի վրա ծախսում է ՀՆԱ-ի միայն 1,37%-ը։ Ապրիլին Օտտավան հրապարակեց ծրագիր, ըստ որի՝ մինչև 2030 թվականը այս ցուցանիշը պետք է հասնի 1,76 տոկոսի։

ՆԱՏՕ-ի մյուս անդամները «մտահոգված են հարկաբյուջետային հավասարակշռությամբ, նրանք ցանկանում են գումար ծախսել առողջության և կրթության վրա», - ավելացրել է նա՝ ընդգծելով, որ «եթե մենք չկարողանանք խաղաղություն պահպանել, ապա մեր ջանքերը առողջապահության, կլիմայի փոփոխության և կրթության ոլորտներում կձախողվեն»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ